Տավուշի մարզի սողանքի գոտում աշխատում է 200 փրկարար: Ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում, հոկտեմբերի 8-ին որոնողական աշխատանքներն առավել ինտենսիվ են դարձել, փրկարարներին միացել են եւս 60-ը Երեւանից:
Առավոտյան կայացած խորհրդակցության ընթացքում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, դիմելով որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարներին, կոչ է արել նրանց ավելի աչալուրջ եւ զգույշ լինել: «Սկսվում է աշխատանքների ամենաբարդ և վտանգավոր փուլը: Ծանր տեխնիկայի ինտեսիվ ներգրավման հետ շեշտակի մեծանում է նոր սահքի և հողաշերտի վտանգավոր տեղաշարժի հնարավորությունը»,- նշել է Արմեն Երիցյանը:
Ներկա պահին աշխատանքներ են տարվում երևացող վերջին`23¬-րդ ավտոմեքենան դուրս բերելու ուղղությամբ: Հողաշերտի տակ, ըստ օպերատիվ տվյալների, դեռ մնում է 4-5 մեքենա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:




























