Հայաստանի իշխող կոալիցիայի թեկնածուն նախագահական առաջիկա ընտրություններում լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: «Մեր թեկնածուն կոալիցիոն հուշագրով վստահ ասում եմ` լինելու է Սերժ Սարգսյանը եւ օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք, որ ժողովուրդը ձայներ տա մեր թեկնածուին»,- նշել է Մինասյանը, ով կարծում է, որ իրենց թեկնածուին կաջակցեն նաեւ կոալիցիոն մյուս ուժերը` ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն. «Կա համաձայնագիր: Համոզված եմ, որ դա այդպես էլ կլինի»:
Հարցին, թե խորհրդարանական ընտրություններում այդ ուժերն իրար դեմ չե՞ն աշխատելու, Մինասյանը չբացառեց, որ «տեղերում մի խումբ մարդիկ ըմբոստություններ անեն»: «Յուրաքանչյուրն իր աշխատանքը կանի, որ համոզի ժողովրդին իր ճշմարտացիության մեջ»,- նկատեց պատգամավորը:
Հարցին, հնարավո՞ր է արդյոք համագործակցություն Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ, հատկապես, երբ կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը կարող է կանգնել նման երկընտրանքի առջեւ, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց, որ չի բացառվում համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ընտրություններից հետո հնարավոր են որոշ ձեւաչափեր: Քաղաքական ուժերից մեկը եթե որոշակի ձայներ ստանա, եւ եթե այդ ուժը ներկայացվի պարոն Քոչարյանի անձով, միգուցե համագործակցենք»,- նշեց նա` որպես համագործակցության օրինակ նշելով նոր կոալիցիայի ստեղծման հնարավորությունը:




























