ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է իր խոսքերի The New York Times-ի կողմից արված մեկնաբանությունը, որը նրան վերագրում է 2024 թվականին Վլադիմիր Պուտինի ձայների ավելի քան 90%-ով վերընտրությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկյան թերթը ավելի վաղ հոդված էր հրապարակել՝ մեջբերելով Կրեմլի խոսնակին, և ըստ The New York Times-ի, Պեսկովն, իբր, Ռուսաստանի ընտրություններն անվանել է ոչ այնքան ժողովրդավարություն, որքան «թանկ բյուրոկրատիա» և հայտարարել, որ «Պուտինը կվերընտրվի հաջորդ տարի ձայների ավելի քան 90 տոկոսով»։ New York Times-ի այս հոդվածի հեղինակը լրագրող Ռոջեր Քոհենն էր։
«Ոչ, դա բացարձակապես սխալ է մեկնաբանել այս հոդվածի հեղինակը», - ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այս մեջբերումի իսկության մասին հարցին։ Նախագահի մամուլի քարտուղարն ավելացրել է, որ, իրոք, հանդիպել ու զրուցել է այդ լրագրողի հետ, և հարցերից մեկը վերաբերում էր ընտրություններին։ «Եվ պատասխանը հետևյալն էր. որ նախագահի շուրջ հասարակության համախմբվածության մակարդակը բացարձակապես աննախադեպ է, և հիմա էլ կարող ենք ասել, որ եթե նա առաջադրվի, ապա կվերընտրվի հսկայական առավելությամբ, իսկ ընտրություններն ինքնին տեսականորեն ուղղակի հավելյալ ծախսեր են»։
Սակայն, շարունակել է Պեսկովը, հոդվածի հեղինակին ասվել է, որ «նախագահն ինքն է ասել և պնդել, որ ընտրությունները պետք է պարտադիր լինեն, որ դա ժողովրդավարության պահանջ է»։ «Եվ այդ մասին նախագահը խոսել է Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում»,- ընդգծել է Պեսկովը։
Նա նաև հավելել է, որ լրագրողի հետ զրույցում խոսել է իր անձնական կարծիքի մասին։
Նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի կունենան 2024 թվականի մարտին։ Պուտինն իրավունք ունի առաջադրվելու նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին։





























