Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունները շատ հեռու են իրականությունից։ Այսօր` հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով ԵԽԽՎ վերջին բանաձեւի վերաբերյալ ՀԱԿ ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե եվրոպական այդ կառույցը գործարքի է գնացել Հայաստանի իշխանությունների հետ։

«ՀԱԿ-ի հայտարարությունները շատ հեռու են իրականությունից։ ՀԱԿ-ի հայտարարությունը ես դիտում եմ ընդամենը քաղաքական պայքարի եւ հրապարակային քաղաքականության կոնտեքստում։ Այն գործարքը, որ իրենք նկատի ունեն, չի կարող տեղի ունենալ պարզապես»,- նշել է Դավիթ Հարությունյանը։

Պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, իր հերթին նշեց, որ այն փաստաթուղթը, որն ընդունվեց, մեր վարքի արդյունքն է։ «Շատ վատ է, որովհետեւ փաստացի արդյունքներ չունենք։ Մենք ի՞նչ էինք անում, որ նման փաստաթուղթ չընդունվի։ Մեր վարքագիծն ինչպիսին էր մարտի 1-ից հետո։ Ես ելույթ եմ ունեցել եւ ասել, որ ընտրակեղծիք հրեշը ծնվել է 95 թվականին: Սխալը հենց մեր մեջ է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։