«Պետական ապարատի ծախսերի մեջ ամենահիմնական հոդվածը աշխատավարձն է, որը կազմում է պետական ապարատի պահպանման ծախսերի 67 տոկոսը»,- այսօր ԱԺ-ում 2010 թվականի պետական բյուջեի լսումների ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` հավելելով, որ պետական ապարատի կառավարման ծախսերը 2009-ի ամեմատությամբ կրճատվել են 2,5 տոկոսով: Նա նշեց, որ պետական ապարատի կրճատման առումով մեծ է եղել Երեւանը մարզային կարգավիճակից համայնքային կարգավիճակի անցնելը, որի արդյունքում դադարեցվել է Երեւանի համար պետական ծախսերի կատարումը: Դրա արդյունքում շուրջ 290 հոգի կրճատվել է: Սակայն քիչ անց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ բյուջեի վրա որեւէ ազդեցություն չի թողել Երեւանի համայնքային կարգավիճակի անցնելը, քանի որ քաղաքապետարանի պահպանման ծախսերի, այդ թվում աշխատավարձերի չափով` 547 միլիոն դրամ, պետական բյուջեից Երեւան քաղաքին սուբսիդիա է տրամադրվել, որը կշարունակվի մինչեւ 2013 թվականը:

Պ. Սաֆարյանը նշեց, որ պահպանվել է պետական ծառայողների աշխատավարձերի մակարդակը: Ըստ այդմ, քաղծառայողների աշխատավարձի բազային պաշտոնական դրույքաչափը կազմում է 47 հազար դրամ, մաքսային ծառայողներինը` 55,5 հազար դրամ, հարկադիր կատարողներինը` 42 հազար դրամ: Այդուհանդերձ պետական ծառայողների միջին ամսական աշխատավարձը 147 հազար դրամից հասել է 149 հազարի՝ կապված ստաժի հաշվարկման հետ: Պետական ծառայողների թիվը 17,2 հազարից հասել է 19,9 հազարի, ինչը կրկին պայմանավորված է նրանով, որ Երեւանի քաղաքապետարանը՝ որպես պետական կառավարման մարմին, լուծարվել է: