Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ջեյքոբ Զուման վերադարձել է բանտ և երկու ժամ անց ազատ է արձակվել։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահը ներկայացել է ուղղիչ հիմնարկ՝ իր պատժի 15 ամիսներից մնացած 13-ը կրելու համար: Շուտով նա ազատ է արձակվել փոքր հանցագործությունների համար դատապարտվածների պատիժը մեղմելու ծրագրի շրջանակներում։

Euronews փոխանցմամբ՝ Զուման վերադարձել է բանտ՝ մնացած պատիժը կրելու համար։ Ավելի վաղ երկրի Սահմանադրական դատարանն անօրինական էր ճանաչել նրան առողջական պատճառներով պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումը։

81-ամյա քաղաքական գործիչը ժամանել է ԿվաԶուլու Նատալ նահանգի ուղղիչ հիմնարկ տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ին: Սակայն երկու ժամ չանցած նա հեռացել է։ 

Օրերս Հարավային Աֆրիկայի ներկայիս նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հրամանագիր է ստորագրել, որով ներում է շնորհվել երկրի բանտերի գերծանրաբեռնվածության հետ կապված փոքր հանցագործությունների համար դատապարտվածներին։ Ծրագիրը նախատեսված է հասնել գրեթե 9500 բանտարկյալների: Կարծես թե, Ջեյքոբ Զուման առաջիններից էր, ով օգտագործեց այն։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա վերադարձել է Նկանդլայում գտնվող իր կալվածքը սեւ ամենագնացների ավտոշարասյունով։

Սա զայրացրել է ընդդիմությանը։

Արդարադատության նախարար Ռոնալդ Լամոլան ասել է, որ նախագահ Ռամաֆոսան որոշում է կայացրել «նվազեցնել պատիժն» իր նախորդի նկատմամբ՝ համաձայն իր սահմանադրական լիազորությունների: Նա հավելել է, որ այս ծրագիրն ընդունվել է առանց հաշվի առնելու պետության նախկին ղեկավարին և վերաբերում է «օրինախախտներին ընդհանրապես»։

2021 թվականի ամռանը Զուման մեղավոր է ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար՝ կապված կոռուպցիոն գործի լսումներին չներկայանալու հետ, որում ինքը ներգրավված է եղել:

Նա դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման։