Երկուսուկես տարի առաջ Ռուսաստանից վերադարձած, մասնագիտությամբ մանկավարժ Վասիլ Ղարախանյանը քարի և թելի արտադրություն է հիմնել իր հայրենի Կողբ գյուղում։ Դեբեդ գետի քարերից հատակի սալիկներ է պատրաստում ու հուշանվերներ, նաև իր ստեղծած հաստոցով թելեր է արտադրում, որոնցից էլ պարաններ է ստանում:  

1.jpg (2.54 MB)

2.jpg (2.02 MB)

Դեբեդ գետի մոտ մեծ տարածք կա, ուր գնում են քարեր կտրելու։ Ամեն քարը հատուկ ընտրում են, քանի որ ոչ բոլորի չափերն են համապատասխանում հաստոցին: Քար կտրելը չափազանց աշխատատար է՝ ասում է Վասիլ Ղարախանյանը. մեկ օրում մեկ մարդը մինչև1.5 մետր քառակուսի դժվարությամբ է կտրում:

 «Դժվար է, բայց ինձ շատ է դուր գալիս։ Ամբողջությամբ իմ մտահաղացումն է։ Չեմ կարող ասել՝ ինչպես գետի քարերը կտրելու գաղափարն առաջացավ, բայց ես հենց առաջին օրվանից կասկած չեմ ունեցել, որ սա լավ գործ է»,-ասում է Վասիլը և հավելում, որ մշակելուց հետո քարերը տարբեր, յուրահատուկ և չկրկնվող գույների են ստացվում։ Դրանք հղկվում են և մշակվում՝ ըստ պատվիրատուի ցանկության և ճաշակի։

«Ես աշխատում եմ իմ արտադրանքը շատ որակով սարքել, որովհետև ըստ իս՝ հարցը միայն գումար աշխատելը չէ․ դու քո իմիջը պետք է ունենաս, քո արտադրանքը պետք է մարդկանց դուր գա, ու դու էլ քո գործից հաճույք ստանաս»,-ասում է նա։

3.jpg (1.92 MB)

4.jpg (1.92 MB)
  
Վասիլը չգիտի՝ ինչպես անվանի իր մյուս՝ թելի արտադրման հաստոցը, որի ստեղծման համար մեծ ջանքեր է գործադրել, մտածում է՝ երևի թել փաթաթող։ Պատրաստել է Մոսկվայում, բերել այստեղ, բայց շատ բան ձևափոխել է, մինչեւ ստացել է իր ուզածը։

«Այս հաստոցի վրա 3-4 ամիս չարչարվել եմ, ամեն երեկո տուն գնալուց մտածում էի՝ վերջ, այլևս ձեռք չեմ տա այս հաստոցին, հետո գիշերը մտածում էի, որ կարելի է այս մի դետալը փոխել, ու 3-4 ամսվա ընթացքում ամեն ազատ րոպե այս սարքին էի տրամադրում»,-պատմում է Վասիլը:   

5.jpg (2.28 MB)

6.jpg (1.84 MB)
 
Հաստոցի միջոցով արտադրված թելից պարաններ է ստանում, որոնք օգտագործվում են  շինարարության, գյուղատնտեսության, նաև անվադողերի մեջ ու կենցաղում։ Դրանցից 15 մետրանոցը, օրինակ, 650 դրամով է վաճառում: Արտադրանքն իրացվում է տարածաշրջանի խանութներում, ինչպես նաև Ռուսաստանի գործարաններում, որտեղ դրանցից թելերի կոճեր են պատրաստում: 

8.jpg (2.28 MB)
 
Հետագայում նախատեսում է մի քանի նոր հաստոցներ ձեռք բերել և թելերը նոր գույներով ներկել: Մոսկվայի պահեստներում դեռ հումք ունի, որը պետք է տեղափոխի Հայաստան։ Նաև նպատակ ունի տարածքը ծաղկապատել, ամբողջը փոխելու և բարեկարգել, քանի որ նրա համար չափազանց կարևոր է ոչ միայն իր արտադրության բարձր որակը, այլև աշխատանքի էսթետիկան։ 
«Գեղեցիկ և լավ բաներ եմ ուզում սարքել, որ տարբերվող լինեն։ Եթե որևէ մեկը որևէ բան արդեն սարքում է, ես դա չեմ սարքում, դա ինձ հետաքրքիր չէ»,-ասում է նա: 

 11.jpg (1.12 MB)

10.jpg (2.90 MB)

9.jpg (1.77 MB)
Վասիլը ծանոթների միջոցով է տեղեկացել EU4IMPACT ծրագրի մասին, կարդացել է բուկլետն ու դիմել ծրագրին։ Աջակցություն ստանալուց հետո նա հայրենի Կողբ գյուղում հիմնել է իր արտադրությունը։ EU4IMPACT-ն աջակցում է միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից:

«Արտադրամասում գրեթե ամեն բան իրենց օգնությամբ է ձեռք բերվել՝ տանիքի թիթեղը, պատուհանները, երկաթները: Իրենք մեծ օգնություն են  ցուցաբերել, բայց նրանց վերաբերմունքը ինձ համար 100 անգամ ավելի թանկ արժեր, քան ֆինանսական աջակցությունը։ Աշխատանքն իրեն արդարացնում է: Իմ ներդրումները հետ եմ ստացել»,-ասում է Վասիլը:

12.jpg (2.12 MB)

13.jpg (3.00 MB)

Վասիլը վաղուց էր ուզում նման արտադրություն ստեղծել, սակայն ոչ ոքի, անգամ իր երեխաներին դրա մասին չէր պատմել։ Սկզբում ծրագրում էր արտադրամասը Ռուսաստանում հիմնել, սակայն ամեն գիշեր քնելուց առաջ մտածում էր ընտանիքով հայրենիք վերադառնալու մասին։

«Ես միշտ ցանկացել եմ վերադառնալ։ Ես շատ եմ սիրում մեր գյուղն ու հավատացե՛ք, սրանք միայն խոսքեր չեն, ես իմ ասածներն ապացուցում եմ, ինձ համար կարևոր էր վերադառնալը»,– ասում է Վասիլը։

14.jpg (1.69 MB)
 
Վասիլը վստահ է՝ գործը կկնքվի հաջողությամբ, եթե դրա մասին շատ չխոսես և պարզապես աշխատես նպատակիդ հասնելու համար: Այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց սեփական ձեռնարկությունը հիմնել, Վասիլի խորհուրդը ոչ մի դեպքում չհանձնվելն է։ 

«Այդ մարդն այնքան խնդիրներ է ունենալու, որ թվալու է, թե անլուծելի են այդ հարցերը, բայց ես ասում եմ՝ միայն թող չհանձնվի, ու ամեն ինչ լավ կլինի։ Հայաստանում տասը րոպեում կարելի է բիզնես գրանցել, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,-ասում է Վասիլը: 

15.jpg (2.00 MB)