Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՏԿԵՆ-ից։

Նախարարը բարձր է գնահատել Հայաստանում դեսպանի կատարած աշխատանքը, տարբեր ծրագրերում ներդրած ջանքերը։ «Բավական լավ և բազմաոլորտ համագործակցություն ենք ունեցել։ Բազմաթիվ ծրագրերում զգացել ենք Ձեր անմիջական ազդեցությունը։ Կարծում եմ համագործակցության շատ լավ հիմքեր են դրված նաև ապագայի համար»,-ասել է նախարարը։ 

Սանոսյանը շնորհակալություն է հայտնել հատկապես 2022 թվականի  սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դեսպանի ցուցաբերած ակտիվության, հակառակորդի թիրախավորած բնակավայրերում  ֆիզիկապես գտնվելու և հետագայում այդ հետևանքները վերացնելու ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար։

Նախարար Սանոսյանն առանձնահատուկ կարևորել է ԵՄ-ի կողմից Հայաստանի հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերը։  

Անդրեա Վիկտորինն իր հերթին նկատել է, որ ՏԿԵ նախարարության հետ երկարատև և արդյունավետ համագործակցություն է ունեցել և հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի։ «Տարբեր ոլորտներում մեծ առաջընթաց ունենք։ Միասին աշխատել ենք տեղական և մարզային մակարդակներում։ Ընդհանուր առմամաբ համագործակցության տեմպերը շատ բարենպաստ են»,-ասել է դեսպանը։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԵՄ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց ընթացքը, գրանցված հաջողությունները և  որոշ ծրագրերով շարունակականություն ապահովելու հնարավորությունները։