2010 թվականին պետական ապարատի պահպանման ծախսերը հաշվարկելիս որոշվել է բենզինի ծախսը կրճատել 50 տոկոսով` օրական 10 լիտրի փոխարեն նախատեսելով 5 լիտր: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջետային լսումների ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա սակայն խոստովանեց, որ որեւէ հետազոտություն չի արվել, թե արդյո՞ք օրական 5 լիտրը արդյունավետության խնդիրը կարող է լուծել, կամ արդյո՞ք դա նշանակում է, որ 10 լիտրը անարդյունավետ է եղել:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, իր հերթին, բարձրացրեց գործուղման ծախսերի հարցը՝ նշելով, որ ԱՊՀ երկրներ գոծուղման ծախսերում օրապահիկը հաշվարկվում է օրական 20 դոլարի չափով, որը շատ փոքր թիվ է: Նա առաջարկեց Պավել Սաֆարյանին տալ 20 դոլար եւ մեկ օր դիմանալ, ասենք՝ Կիեւում: «Ավելի լավ է չգործուղենք, քան օրական 20 դոլար օրապահիկով պետական ծառայողներին գործուղումների ուղարկենք: Արժանավայել չէ պատգամավորին 20 դոլարով ուղարկել Ուկրաինա: Նվազագույն անհրաժեշտ գումար չի տրվում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ օրինակ Եվրոպական երկրներում այլ երկրների ներկայացուցիչների օրապահիկը 10 անգամից ավելի գերազանցում է հայ պաշտոնյաներին տրվող գումարները:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ, օրինակ՝ Շվեդիան շատ ավելի թանկ երկիր է, քան Ֆրանսիան, սակայն Շվեդիայի համար օրապահիկը կազմում է 61 եվրո, այնինչ Ֆրանսիայում այն 90 եվրո է:

Այս առնչությամբ Պավել Սաֆարյանն ասաց, որ իրենք հիմք են ընդունում երկրի ԱԳՆ-ի կողմից ներկայացված չափանիշները:

Ինչ վերաբերում է ցածր օրապահիկներին, ֆինանսների փոխնախարարն ասաց, որ դա ոչ թե գործուղման ծախսեր են, այլ գործուղման փոխհատուցում եւ այն չի տրվում որ «դու գնաս այնտեղ ման գաս, հաց ուտես, որ սեփական կարիքները բավարարես»: Նրա ներկայացմամբ, այս խնդրի հիմնական պատճառը ոչ թե ցածր օրապահիկներն են, այլ ցածր աշխատավարձերը: