«Արտաբյուջետային ֆոնդեր չպետք է լինեն: Դա կառուպցիա է: Ինչո՞ւ այդ միջոցները չեն մտնում բյուջե, ինչո՞ւ ընդհանրապես դուրս չենք շպրտում շրջանառությունից „արտաբյուջե“ հասկացությունը»,- այսօր ԱԺ-ում 2010 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ հավելելով. «Ինչո՞ւ պետք է այդպիսի ֆոնդեր ունենան հիմնականում ուժային կառույցները»:

Սրան ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ որոշ արտաբյուջետային ֆոնդեր հաստատված են օրենքով եւ իրենք չեն կարող հայտարարել, թե դրանք չկան: Նա փորձեց նույն հարցն ուղղել ԱԺ-ին, քանի որ դրանք հաստատվել են ԱԺ կողմից ընդունված օրենքներով: Վարդան Բոստանջյանը սրան արձագանքեց. «Դուք` կառավարությունն է այդ օրենքները բերել Ազգային ժողով, մենք էլ առանց հասկանալու հաստատել ենք»:

Պ. Սաֆարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ճիշտ չէ ընդհանրապես վերացնել այն հիմնադրամները, որ կան ուժային կառույցներում, ինչպես նաեւ հարկային ու մաքսային մարմիններում:

Նշենք, որ հիմնադրամների շնորհիվ, այդ մարմինների աշխատանքի միջոցով ստացված գումարները գնում են ոչ թե բյուջե, այլ այդ հիմնադրամներ, որտեղից կարողանում են օգտվել միայն այդ մարմինների աշխատակազմերը: