Հարցազրույց  Five stars travel զբոսաշրջային ընկերության տնօրեն եւ ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանի հետ:

Պրն, Թանաշյան, իսկապե՞ս զբոսաշրջիկների այցերը Հայաստան ավելացել են, ինչպես պնդում է վիճակագրությունը:

Իրապես զբոսաշրջության հոսքի բավական մեծ աճ կա դեպի Հայաստան, դրա ինդիկատորը հյուրանոցների լցվածությունն է եւ տրանսպորտային միջոցների զբաղվածությունը: Բացառելով հուլիս ամիսը, երբ բավական պասիվ էր, մարտից հետո կարծում եմ մեծ աճ կա: Նվազագույնը 20 տոկոս աճ պետք է արձանագրվի:

Ինչո՞վ եք բացատրում այդ ակտիվությունը:

Առաջին, իր դերն է խաղում Հայաստանի դրական փիարը, մեր նման զբոսաշրջային ընկերությունների ակտիվ աշխատանքը արտերկրում: Նույնիսկ ճգնաժամի ընթացքում զբոսաշրջային ոլորտը շարունակել է գումար ներդնել արտերկրում Հայաստանի գովազդի համար, ու դա իր արդյունքը տվել է: Հիմա Եվրոպայում զբոսաշրջային ակտիվությունը վերականգնվել է, տեղի է ունեցել շուկաների վերադասավորում, որտեղ Հայաստանը հայտնվել է բարենպաստ մրցակցային դիրքում: Երկրորդ` ռուսական շուկան է ակտիվացել: Երկու տարի է` Ռուսաստանից զբոսաշրջային հոսքերը դեպի Հայաստան աճում են, եւ մոտակա 5 տարիների ընթացքում շատ լուրջ բում կարող է տեղի ունենալ: Դա կարող եմ նույնիսկ համեմատել պարսկական շուկայի հետ, որը երրորդ գործոնն է, բայց Ռուսաստանը որակ-քանակ-ֆինանսական արդյունք տեսանկյունից շատ ավելի բարենպաստ շուկա է, քան պարսկականը: Չորրորդը` հեռավոր Արեւելքի կողմից հետաքրքրության աճն է: Այսպիսով` կառավարության եւ մասնավոր հատվածի տարիների գովազդային աշխատանքն արդեն տալիս է իր արդյունքը: Բայց կարող էր աճը ավեի բարձր լինել, ներկայում խնդիր ունենք սպասարկման ոլորտի բավարարության ետ կապված` հյուրանոցային համարների սակավություն եւ սննդի կետեր: Մեծ քանակությամբ խմբերի մերժում ենք` պահանջարկն ավելի մեծ է, քան պատրաստ ենք ընդունելու: Ուստի կառավարության պլանները` մի քանի տարի հետո ունենալ 1 մլն, իսկ 10 տարի հետո` 3 մլն զբոսաշրջիկ, մի փոքր վտանգված են:

Փաստորեն` մեր հյուրանոցները 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ են աշխատո՞ւմ:

Ներկայում, մինչեւ նոյեմբեր Երեւան քաղաքի բոլոր հյուրանոցները 95 տոկոսով ծանրաբեռնված են: Կան բազմաթիվ հյուրանոցներ, որոնք աշխատում են 105 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Նույն գիշերը 2 անգամ են քնելատեղը վաճառում, արդեն ժամերի վրա են աշխատում` եթե հյուրը գիշերը շուտ գնաց, անմիջապես երկրորդ վաճառք են իրականացնում:

Մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ գիդերի աշխատանքը վերջապես բարելավվել է:

Սա ամենաէական գործոններից մեկն է: Հատկապես այն դեպքերում, երբ զբոսաշրջիկը մշակութապես զարգացած երկրներից է, լավ գիտե մեր երկիրն ու մշակույթը: Ուստի այդ դեպքում գիդից շատ բան է կախված: Մեր երկրի թիվ մեկ այցեքարտը օդանավակայանն է, երկրորդը` գիդը: Պետք է ճիշտ ձեւով ներկայացնի երկիրը, բավական չէ պատմություն կամ ինչ-որ փաստեր ասել: Պետք է լինել բարեհամբույր, իմանալ ավելի շատ ավանդույթներ, ակտիվ լինել, ճանաչել պատմությունը այն երկրների, որոնցից ընդունում ենք զբոսաշրջիկների: Ցավոք սրտի` այն գիդերը, որոնք այդ ստանդարտներին համապատասխանում են, նախկին ինտուրիստի գիդերն են, որոնք արդեն տարիքով մեծ են: Էկոնոմիկայի նախարարության կողմից մտցված սերտիֆիկացման պրոցեսը ինչ-որ չափով օգնում էր, բայց հանեցին: Գիդերը բոլոր դեպքերում պայմանագրային էին աշխատում, մի օր մեկի մոտ, մյուս օրը` մի ուրիշի, հսկողությունը թույլ էր: Այսօր զբոսաշրջությունը շատ արագ է զարգանում, 3-6 ամսում շատ արագ փոփոխվում են ստանդարտներն ու ճաշակները: Գիդը պարտավոր է տուրօպերատորի հետ միասին այդ ամեն ինչից իրազեկ լինել:

Իսկ սննդի բնագավառում խնդիրը ինչո՞ւմն է:

Երեք տարվա ընթացքում սնունդը Հայաստանում թանկացել է մոտ 2 անգամ: Սնունդը զբոսաշրջային փաթեթի լուրջ մաս է, մեր փաթեթները դրա պատճառով թանկաց ել են: Կան որոշ ռեստորաններ, որ խմբային զբոսաշրջության դեպքում կիրառում են զեղչեր, որն էլ մրցունակ է դարձնում մեր փաթեթները: Այն ռեստորանները, որ դա չեն կարողանում անել, մեր ցուցակից դուրս են թռչում: Շատ խնդիրներ ունենք ռեստորանային սպասարկման որակի հետ, չկան ռեստորանային կատեգորիաներ, ինչպես այլ երկրներում է: Շատ քիչ ռեստորաններ, ցավոք սրտի, այս ամբողջ բազմազանության մեջ կարողանում են ավանդական հայկական ճաշատեսակներ մատուցել, կամ հայկական մթնոլորտ ստեղծել, որն էլ հենց գրավում է զբոսաշրջիկին: Ամեն տեղ միայն քյաբաբ-խորոված են տալիս, բայց դա մեր հայկականը չի, մեր հայկականը շատ ավելի լուրջ է, ու այդպիսի ազգային ճաշատեսակնորով ռեստորանները մատների վրա կարելի է հաշվել:

Զրուցեց` Սամվել Ավագյան