Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկը համարվող Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են եւ եկեղեցում պատրաստվում են հոկտեմբերի 22-ին իրականացնել բացման արարողությանը, իսկ 23-ին՝ առաջին պատարագը։
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս գործող եկեղեցին 1980-ից հետո թողնվել էր բախտի քմահաճույքին։ Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը եկեղեցին վերանորոգելու խնդրանքով դիմել էին Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը, սակայն նրանց պատասխանել էին, թե իրենց կողմից վերանորոգման դեպքում այն կծառայի որպես թանգարան։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»՝ եկեղեցին վերանորոգելու համար։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։
1400 աղոթատեղի ունեցող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում, Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականները անվանել են «գյավուրների թաղամաս» քանի որ մեծ թվով քրիստոնյաներ են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը:
Մերձավոր արեւելքի ամենամեծ եկեղեցու զանգակատունը 1913-ին ավերվել է կայծակի հարվածից, որից հետո տեղի հայերը նոր զանգակատուն են կառուցել, որի զանգը ձուլվել էր ոսկու եւ պղնձի խառնուրդից: Սակայն 1915-ին այս անգամ կայծակի հարվածած տեղին հարվածեցին թուրքերը՝ թնդանոթով ավերելով զանգակատունը միայն նրա համար, որ այն ավելի բարձր էր շրջակայքի մզկիթների մինարեթներից: Նախատեսվում է, որ թնդանոթով քանդած զանգակատան վերանորոգման աշխատանքները կսկվեն շուտով եւ կավարտվեն 2012-ին։
Նշենք, որ ավելի վաղ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե հայերի համար հաճելի անակնկալներ են պատրաստում, որը կցանկանար դեռեւս գաղտնի պահել: Նա շեշտել է, թե ցանկանում են, որ բացմանը ներկա լինեն Թուրքիայի, Հայաստանի եւ այլ երկրների ներկայացուցիչներ:




























