ԵԱՏՄ-ի գոյության ընթացքում մեր երկրների միջև փոխադարձ առևտուրն աճել է գրեթե 90%-ով։ Այս մասին օգոստոսի 24-ին Հայաստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ընդհանուր ՀՆԱ-ն աճել է ավելի քան 7%-ով, ավելանում են նաև ներդրումները հիմնական կապիտալում։ Շինարարության ոլորտում լավ ցուցանիշներ են, աշխատաշուկայում դրական դինամիկա ենք տեսնում. այս տարվա հունիսին գործազուրկների թիվը նվազել է գրեթե 11%-ով։
Հունվարին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նախաձեռնեց համատեղ քննարկել եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը, ինչպես նաև սկսել նոր երկարաժամկետ պլանավորման փաստաթղթերի պատրաստումը, որոնք կորոշեն փոխգործակցության ուղղությունները:
Անհրաժեշտ է ամուր հիմքեր դնել ապագա համատեղ գործողությունների համար։
ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ մակրոտարածաշրջան և, միևնույն ժամանակ, գրավիչ և բաց այլ գործընկերների համար։
Առաջնահերթ խնդիրն է շարունակել ընդհանուր շուկաների, ապրանքների, ֆինանսների, ներդրումների և աշխատուժի ձևավորումը։ Պետք է ստեղծել հիմնական ապրանքների և հիմնական ռեսուրսների ապահովվածության երաշխավորված միասնական տարածք, առաջին հերթին խոսքը պարենային և էներգետիկ անվտանգության մասին է։ Այս թեման գնալով ավելի է կարևորվում համաշխարհային շուկա հացահատիկի մատակարարման հետ կապված դժվարությունների ֆոնին։
Միությունը աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ցորենի, կարտոֆիլի, անասնաբուծական մթերքների արտադրությամբ։ Գյուղմթերքի արտադրանքը զգալիորեն ավելանում է. Անցած տարեվերջին աճը հասել է գրեթե 9,5%-ի։ Այս տարվա առաջին կիսամյակում այն մոտեցել է 3%-ի։ Մենք լիովին ինքնաբավ ենք նաև գազի, նավթի, նավթամթերքների և էլեկտրաէներգիայի ոլորտներում։
Պուտինն առաջարկել է միավորել ջանքերը՝ զարգացնելու գիտական և տեխնիկական լուծումների ներդրումը տնտեսության առաջատար ոլորտներում. դրանք են՝ ավտոմոբիլային արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, տրանսպորտի ոլորտը, գյուղատնտեսական մեքենաշինությունը, այլընտրանքային էներգետիկան, միկրոէլեկտրոնիկան և այլն։
Մենք մի շարք լուրջ քայլեր ենք ձեռնարկել արդյունաբերական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ՝ բարձր հավելյալ արժեքով ապրանքների արտադրություն սկսելու համար։ Այս տարվա 6 ամիսների ընթացքում Միությունում արդյունաբերական արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 3%-ով։
Մեծ արդյունքների կարելի է հասնել, և մենք ակնկալում ենք, որ դրան կնպաստի միության բյուջեի հաշվին հեռանկարային նախագծերի ֆինանսավորման ազգային մեխանիզմների գործարկումը։
Այժմ փոխադարձ հաշվարկների մեծ մասը տեղի է ունենում ազգային արժույթներով։ Միության երկրների բանկերի 80%-ը միացած է ֆինանսական հաղորդակցության համակարգին։ Մենք առաջարկում ենք ազգային արժույթների հիման վրա մշակել միասնական վճարային տարածք, ներդնել եվրասիական վարկանիշային համակարգը, որը կբարելավի ներդրումային միջավայրը, կբարձրացնի ԵԱՏՄ տնտեսության անվտանգությունն ու կայունությունը»,- նշել է Միշուստինը։





























