Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ նոր քրեական գործ են հարուցել` «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի պարտքերը երկրի բյուջեի վրա դնելու համար:

«Ուկրաինայի գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Յուլյա Տիմոշենկոյի եւ Լազարենկոյի նկատմամբ: Մասնավորապես, Տիմոշենկոն մեղադրվում է, որ լինելով «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի նախագահն ու փաստացի սեփականատերը, նախկին վարչապետ Լազարենկոյի հետ գալով նախնական համաձայնության, առանձնապես խոշոր չափերի վնաս է հասցրել պետությանը: Մասնավորապես, կորպորացիայի` ՊՆ-ին ունեցած 405-500 հազար դոլարի պարտքը դնելով պետբյուջեի վրա»,- հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր  քննչական վարչության պետ Իվան Դերեւյանկոն:

Թեեւ դեպքը, որի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, տեղի է ունեցել 1996թ., Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդից հայտնում են, որ դրա վաղեմության ժամկետը չի լրացել:

Նոր քրեական գործի արդյունքում Տիմոշոնկոյին կարող է սպառնալ 7-12 տարվա ազատազրկում: Այս պահին նրա նկատմամբ հարուցվել է ընդամենը 4 քրեական գործ: Դրանցից 2-ը միջոցների աննպատակ օգտագործումն է ըստ Կիոտոյի արձանագրության և շտապօգնության մեքենաների անօրինական ձեռքբերումը, հայտնում է NEWSru.com-ը:

Տիմոշոնկոյի դեմ երկրորդ գործը հարուցվել է ուկրաինական արդարադատության նկատմամբ  նախկին վարչապետի առաջին գործի ընթացքում արտահայտած կտրուկ քննադատության ֆոնին, որով նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` 2009 թվականին «Նաֆտոգազ Ուկրաինի» եւ «Գազպրոմ» ընկերությունների հետ գազի մատակարարման շուրջ պայմանագիր կնքելու ժամանակ իր ծառայողական պարտականությունները գերազանցելու համար: