Ադրբեջանը երբեք չի դիտարկվել, որպես NABUCCO-ի հիմնական մատակարար պետություն. բոլոր մասնագետները, NABUCCO մասին խոսելիս, ենթադրում են, որ մատակարարը կլինի Թուրքմենստանը և ոչ երբեք Ադրբեջանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց Ռուսաստանի ազգային ռազմավարության խորհրդի համանախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր Իոսիֆ Դիսկինը։ Ըստ նրա՝ NABUCCO-ի պարագայում Ադրբեջանը դիտարկվում է հիմնականում, որպես տարանցիկ պետություն, որը առավելագույնը կարող է NABUCCO գազամուղին քիչ քանակությամբ գազ ավելացնել։ Դիսկինի կարծիքով, կասկածելի է նաեւ այն, որ Ադրբեջանը տարանցիկ պետություն դառնա։ «Կասպից ծովով տեխնիկապես գրեթե անհնար է գազամուղ անցկացնել, որպեսզի թուրքմենական գազը արտահանվի դեպի Եվրոպա։ Ժամանակին ԽՍՀՄ-ը հենց այդ պատճառով հրաժարվեց տրանսկասպյան գազամուղի կառուցման գաղափարից։ Այնպես որ՝ դիտարկել Ադրբեջանը, որպես տարանցիկ պետություն, իմ կարծիքով ավելի շուտ երազանք է, քան թե իրական տեխնիկական ծրագիր»,- նշեց տնտեսագետը։

Նրա կարծիքով, NABUCCO-ն երբեք տնտեսապես արդարացված չի եղել, այն «ամբողջությամբ քաղաքականացված ծրագիր է, որով Եվրոպան ցանկանում է երկու խնդիր լուծել»։ Առաջին հերթին այն ուղղված է Ռուսաստանի դեմ, և ճնշում գործադրելու միջոց է։ Դրանով Եվրոպան ցանկանում է ցույց տալ, որ սեփական աշխարհաքաղաքական ռազմավարություն ունի։ «Հարավային հոսքի իրականացումը հիմնված է իրական պաշարների վրա, այդ պատճառով էլ պայմանագրերի կնքումը շատ արագ տեղի ունեցավ, եւ շուտով կսկվի շինարարությունը, բայց NABUCCO-ի պարագայում մինչև այժմ հայտնի չէ, թե այդ գազատարով, ի վերջո, որ պետութունն է գազ արտահանելու։ Այնպես որ, դեռ չափազանց վաղ է խոսել, թե վերջապես երբ կավարտվի NABUCCO-ի կառուցումը»,- ասաց Դիսկինը։

Փորձագետը չբացառեց, որ NABUCCO-ին հնարավոր է Իրանը ևս գազ մատակարարի։ Ըստ վերջին լուրերի, որը տարածել են գերմանական լրատվամիջոցները, Իրանը ցանկություն է հայտնել միանալ NABUCCO ծրագրին։ Ի. Դիսկինի կարծիքով, Իրանի այդ առաջարկը ավելի քաղաքական է, քանի որ Իրանը իր միջուկային ծրագրի հարցում ցանկանում է մեղմել Արևմուտքի կոշտ դիրքորոշումը։ «Ամեն դեպքում, եթե NABUCCO-ն սկիզբ առնի Իրանից, ապա Իրանը կարող է նաև տարանցիկ պետություն դառնալ Միջին Ասիայի ածխաջրածնային հումքի համար»,- նշեց տնտեսական գիտությունների դոկտորը։

Նրա կարծիքով, Իրանի համար դեպի Արևմուտք գազի և նավթի արտահանման ամենահարմար ուղին Իրաքի Քուրդիստանն է։ «Փորձագետները, սակայն, իրավիճակի վատթարացում են կանխատեսում Իրաքում։ Այս դեպքում Իրանը պետք է այլընտրանքային ճանապարհներ որոնի, որոնց թվում է Իրան-Հայաստան գազամուղը»,-նկատեց Ի. Դիսկինը՝ ավելացնելով, որ Իրան-Հայաստան գործող գազամուղը տարանցման համար ամենահարմար ուղիներից մեկը կարող է դառնալ, քանի որ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները բավականին կայուն են և հուսալի։