Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ ՀՅԴ, Ազգային դեմոկրատական եւ «Արդարություն» խմբակցությունները առաջադրել են Արցախի պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում:

NEWS.am-ը Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանից տեղեկացավ, որ «Արդարություն» խմբակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին որոշումը կայացվել է խմբակցության նիստի ընթացքում, իսկ մյուս 2  խմբակցությունների որոշման առնչությամբ ինքը մեկնաբանություն չունի: 

Նա նշեց, որ սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ նախագահը հանդես կգա նիստի օր նշանակելու վերաբերյալ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱՀ նախագահի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաեւ ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, այդ պաշտոնին նշանակվել է Սամվել Շահրամանյանը՝ ազատվելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։