Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ Իռլանդիայի հետ խաղում ամեն ինչ փոխեց կարմիր քարտը, իսկ նախքան այդ Հայաստանի հավաքականը խաղում էր նախատեսածի համաձայն եւ առավելություն ուներ:
«Մինչեւ Բերեզովսկու հեռացումը մեր տղաները խաղում էին նախատեսածի համաձայն: Առաջին 25 րոպեներին մենք գնդակին տիրելու հսկայական առավելություն ունեինք, բայց այդ կարմիր քարտն ամեն ինչ փոխեց: Մեր դարպասապահի ձեռքով խաղը երկրորդական հարց է, որովհետեւ ակնհայտ է, որ նախքան այդ ձեռքով է խաղացել Իռլանդիայի հավաքականի ռմբարկուն: Եզրային մրցավարը դա պետք է նկատեր: Ես չեմ կարծում, թե վերախաղարկում կլինի, բայց այս թեմայով մեծ ռեզոնանս կլինի եւ դա եւս ինչ-որ բան արժի»,- Life Sports-ին ասել է Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Իռլանդիա – Հայաստան հանդիպման 26-րդ րոպեին իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը հեռացրեց դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով:
Life Sports-ը հիշեցնում է, որ երկու տարի առաջ նմանատիպ վիճակում էին հայտնվել հենց իռլանդացիները: Ֆրանսիայի հետ աշխարհի առաջնության անցումային խաղում Տիերի Անրին ձեռքով խաղից հետո դարձավ գոլի հեղինակ: Շվեդ մրցավար Մարտին Հանսոնը հաշվեց գոլը: Իռլանդիան պահանջեց վերախաղարկում, սակայն ՖԻՖԱ-ն այդ պահանջը չբավարարեց:



























