Թեւթեւ արդյունաբերությունն արտահանման մեծ պոտենցիալ ունի, եւ ներառվել է այն 11 ոլորտների մեջ, որոնք հեռանկարային են համարվում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ծրագրի նախագծում: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 14-ին, հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ելույթ ունենալով Երեւանում անցկացվող «Տեքստիլ եւ նորաձեւություն 2011» առաջին միջազգային գործարար համաժողովի ընթացքում:

Ըստ Տ. Դավթյանի` թեթեւ արդյունաբերությունը համաշխարհային տնտեսության առաջատար ոլորտներից մեկն է, ապահովում է համաշխարհային արտադրության 5.7 տոկոսը, եւ զբաղվածության 14 տոկոսը: Հայաստանում այս ոլորտում արձանագրվել է որոշ աճ, սակայն ըստ էկոնոմիկայի նախարարի` դեռեւս առկա են լուրջ խոչընդոտող հիմնախնդիրներ: Մասնավորապես` ձեռնարկությունները զինված չեն նոր սարքավորումներով, քիչ են նորամուծությունները: Ձեռնարկությունների մեծ մասն աշխատում է թերբեռնվածությամբ, իսկ շուկան հեղեղված է ներմուծված էժանագին տեքստիլով:

Տ. Դավթյանի կարծիքով` թեթեւ արդյունաբերությունն այն ոլորտներից է, որտեղ կարելի է մեծ առաջընթաց ունենալ փոքր ներդրումներով, հատկապես` մարզերում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ թեթեւ արդյունաբերության ոլորտը 2011 թ. առաջին 8 ամիսներին թողարկել է 4.5 մլրդ դրամի արտադրանք, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 52 տոկոս: Արտադրանքի զգալի մասն արտահանվում է այլ երկրներ: