Հայաստանի ապահովագրական շուկայի ծավալը իրատեսական է հասցնել ՀՆԱ-ի 7-12%-ի: Այդպիսի կարծիք է հայտնել «ԻՆԳՈ- Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը: Նա նշեց, որ ներկայում ապահովագրական շուկայի ծավալը կազմում է ՀՆԱ-ի 1,4 տոկոսը: «Այդ ցուցանիշը իրապես հնարավոր է ավելացնել առանց ավելորդ բեռի` մասնավոր հատվածի եւ տնային տնտեսությունների վրա»,- համարում է Ալթունյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով, հանրապետության ապահովագրական հատվածի ապահովագրավճարների ընդհանուր ծավալը 2011 թ. 1-ին կիսամյակի ավարտին կազմել է մոտ 15,647 մլրդ. դրամ:

Համաձայն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, նույն ժամանակաշրջանում  ԱՊՊԱ-ի գծով հաշվեգրված ապահովագրավճարների ծավալը կազմել է 12,11 մլրդ, կամ ոլորտի ընդհանուր պորտֆելի 77,4%-ը:

Խոսելով պարտադիր բժշկական ապահովագրության հեռանկարների մասին, Լ. Ալթունյանը նշեց, որ դրա արդյունավետ ներդրման համար պահանջվում է մի քանի տարի` հաշվի առնելով առկա բժշկական համակարգի կատարելագործման անհրաժեշտութունը: «Այլ երկրների օրինակով կարելի է նշել, որ ոչ մի այլ ազդակ այդպես չի խթանում բժշկական ծառայությունների շուկան, որքան պարտադիր ապահովագրությունը: Սակայն լուրջ միջոցների ներհոսքի համար, որոնք հետագայում հնարավոր կլինի ուղղել բժշկական համակարգի զարգացմանը, անհրաժեշտ է այդ շուկայում ունենալ նվազագույնը 30% շահութաբերություն», - նշեց Լ.Ալթունյանը: 

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ապահովարությսունը, որի ներդրման ծրարգրի մասին ընկերությունը նշում էր հունիսին, ապա, ըստ Լ. Ալթունյանի, այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: "Սակայն գյուղատնտեսական ապահովագրությունն ունի իր առանձնահատկությունները. մենք չենք կարող ապահովագրել ռիսկերը հատվածաբար: Օրինակ, նպատակահարմար չէ առաջարկել երաշտի ապահովագրություն չոր գոտիներում: Ռիսկերի դիվերսիֆիկացիայի համար մեզ անհրաժեշտ է խոշոր տարածքային ընդգրկում և հաճախորդների մեծ բազա: Այդպիսի գործիքներով կարելի է դուրս գալ շուկա` խոշոր արտասահմանյան գործընկեր ունենալու պարագայում», -կարծում է Լ. Ալթունյանը:

«ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին որպես «Էֆես» ՓԲԸ: Ներկայում ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում է ռուսական «Ինգոսստրախ» ՓԲԸ-ին, 25 տոկոսը` Լեւոն Ալթունյանին: Ընկերության ապահովագրական վճարումների ընդհանուր ծավալը 2011 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ: Ներկայումս ընկերության ընդհանուր ակտիվները կազմում են մոտ 5,81 մլրդ: