Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ այսօր` հոկտեմբերի 14-ին, Երեւանի Մոսկվայի տանը բացվել է «Տեքստիլ եւ նորաձեւություն» առաջին միջազգային գործարար համաժողովը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարեւորել է տեքստիլ արդյունաբերության ավանադույթների պահպանումը: Նա նշել է, որ այսօր այս ոլորտում մեր երկրում արդեն իսկ առկա են զարգացման դրական արդյունքներ: Տեղեկացնելով, որ մշակվել է տեքստիլ արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ, Տիգրան Սարգսյանն ասել է, որ նրա նպատակը Հայաստանում առկա ներուժի օգտագործումն ու ոլորտին նոր ազդակներ հաղորդելն է. «Հայաստանի կառավարությունն առաջին անգամ սահմանել է գործիքակազմ՝ ուղղված տեքստիլ արդյունաբերության արտադրանքի զարգացման ու արտահանման քաղաքականության մշակմանը: Կառավարության դիրքորոշումը նախկինում միայն մակրոտնտեսական կայունության, հավասար մրցակցային պայմանների, գործարարության համար բարենպաստ պայմանների ստեղծումն էր: Դա բավարար էր, որպեսզի ներդրողները պարզեին, թե որ ոլորտում ներդրումներ կարելի է կատարել: Սակայն աշխարհում տեղի ունեցած վերջին իրադարձությունները բերում են այն եզրակացության, որ մակրոտնտեսական կայունությունը, մրցակցային դաշտի ապահովումն անհրաժեշտ են, սակայն ոչ բավարար, որպեսզի ապահովվի արտադրանքի արտահնման համապատասխան միջավայր: Դրա համար անհրաժեշտ է հստակ պետական քաղաքականություն եւ գործիքակազմ, ինչը կառավարությունն սկսել է ներդնել»:
Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ համաժողովի մասնակից մասնագետները քննարկումների արդյունքում կկարողանան կառավարությանը ներկայացնել տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման լրացուցիչ առաջարկություններ: «Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչ են ակնկալում պետությունից տեքստիլ ոլորտի ներկայացուցիչները: Մեր առաջարկած գործիքակազմում ներառված են հարկային եւ այլ արտոնություններ, որոնք այսօր արդեն իսկ գործում են բավականին արդյունավետ կերպով»:
Գործադիրի ղեկավարը նշել է, որ տեքստիլ արդյունաբերությունը ողջ աշխարհում բավականին արագ զարգացող ոլորտ է եւ Հայաստանը պետք է անի հնարավորը՝ համաշխարհային շուկայում իր ուրույն տեղը գտնելու համար:
Համաժողովի նպատակն է Հայաստանի տեքստիլի ոլորտի մրցակցային առավելությունների պարզաμանումը, արտադրության արդիականացման եւ զարգացման հնարավորությունների մատնանշումը, ինչպես նաեւ միջազգային գործարար կապերի ստեղծումն ու ամրապնդումը: Համաժողովին մասնակցում են ոլորտի ավելի քան 40 տեղական եւ արտասահմանյան ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ՝ Եվրասիական տնտեսական համագործակցության, Հարավային Կովկասի ու ԵՄ երկրներից:
Համաժողովի շրջանակում բացվել է նաեւ տեքստիլ արտադրանքի ցուցահանդես եւ հայ դիզայներների նորաձեւության հավաքածուների ցուցադրություն: Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված հայկական տեքստիլ արտադրանքին:




























