Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր` հոկտեմբերի 14-ին, բացվել է հայ ֆերմերների առաջին համաշխարհային «Հայագրոֆորում» երկօրյա համաժողովը, որին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ագրարային ոլորտում առկա են նկատելի հիմնահարցեր եւ նույնքան նկատելի ձեռքբերումներ. «Հայաստանի տարածքային համաչափ զարգացման հասնելու համար մենք պետք է արդիականացնենք մեր երկրի գյուղատնտեսությունը: Ժամանակակից աշխարհը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գիտության զարգացմամբ՝ գյուղատնտեսության զարգացման համար ստեղծում է նոր եւ բացառիկ հնարավորություններ»:
Նշելով, որ մեր երկրում այսօր առկա է շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն եւ 430 հազար հեկտար մշակովի հող, վարչապետն ասել է, որ մեկ տնտեսությանը բաժին ընկնող հողատարածքների ծավալը բավականին փոքր է: «Մեր ծրագրերը մշակելիս մենք պետք է մտածենք, թե այս իրողության պայմաններում ինչպես պետք է կազմակերպենք արդյունավետ զարգացում գյուղատնտեսության համար: Այդ տեսակետից, կարեւորում եմ կառավարության հաստատած գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը»:
«Կառավարության առջեւ ծառացած խնդիրներից մեկն էլ գյուղը ժամանակակից ենթակառուցվածքներով ապահովելն է՝ ճանապարհների, խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի կառուցումը եւ այլն: Հասկանալի է, որ այս ենթակառուցվածքների ձեւավորումը գյուղացու համար բացահայտելու է նոր հնարավորություններ եւ հեռանկարներ»,- ասել է նա:
Վարչապետն ընդգծել է, որ 2012 թվականը նույնպես հռչակվելու է գյուղատնտեսության զարգացման տարի: Հանրապետության 55 համայնքներում Համաշխարհային բանկի օժանդակությամբ ներդրվելու են կառավարման նոր մեխանիզմներ եւ ձեւավորվելու են կոոպերատիվներ: «Խթանվելու է կոոպերացիան, ինչը կբարձրացնի գյուղատնտեսության արդյունավետությունը տարեկան առնվազն 30 տոկոսով»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ պետությունը գյուղտեխնիկայի ձեռքբերումը համաֆինանսավորելու է 50 տոկոսով: Նրա տեղեկացմամբ՝ նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են նաեւ գյուղատնտեսության բոլոր բնագավառներում՝ սկսած սերմնաբուծությունից, ավարտած այգիների կառավարմամբ:
Վարչապետը հույս է հայտնել, որ «Ագրոֆորումի» անցկացումը եւս կնպաստի մեր երկրում գյուղատնտեսության զարգացմանը:
Հայաստանում առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օր», որն այս տարի համընկնում է համաժողովի անցկացման հետ։ Այս կապակցությամբ մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում անցկացվելու են տարբեր միջոցառումներ՝ տոնավաճառներ, ցուցահանդեսներ եւ այլն:




























