Այսօր ԱԺ-ում բյուջետային լսումների ժամանակ քննարկվել է համայնքների բյուջեների հատկացումների խնդիրը: Ըստ 2010 թվականի պետական բյուջեի նախագծի՝ այն կազմել է 32,4 միլիարդ դրամ, որը 16,7 տոկոսով ավելին է, քան այս տարվա բյուջեով նախատեսվածը: Դրանից զատ, մինչեւ 300 բնակիչ ունեցող համայնքներին պետք է հատկացվի 3,5 միլիոն դրամ:
Այս քննարկումներում ամենահետաքրքիրն այն էր, որ քննարկմանը ներկա մարզպետներից ոչ ոք չընդվզեց, որ իրենց ապարատների պահպանման ծախսերի մեջ բենզինի ծախսը օրական 10 լիտրից հասցրել են 5 լիտրի: Եթե Երեւանի դեպքում դա դեռ այնքան էլ մեծ կորուստ չէ, ապա օրինակ Սյունիքի նման մարզում, որը ամենսփռվածն է, ակնհայտորեն 5 լիտր բենզինով հնարավոր չէ մարզկենտրոնից հասնել Մեղրի կան Կապան: Սակայն, արդեն լսումների ավարտից հետո, Սյունքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ զրույցում փորձում էր այդ խնդիրը լուծել եւ ինչ-որ կերպ ավելացնել իր ղեկավարած մարզին տրվող գումարները, սակայն Պ. Սաֆարյանը անդրդվելի մնաց: Նա նաեւ քննարկումների ժամանակ հայտարարեց, թե կողմ չէ, որ օրինակ Երեւանում լինի 5 լիտր, իսկ մարզերում` ավելի շատ:
Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ընդգծեց, որ Կենտրոնական բանկի գործառնական ծախսերն ավելի շատ են, քան բոլոր համայնքներին պետբյուջեից տրվող գումարները միասին վերցրած, ապա եզրակացրեց. «Սա նշանակում է, որ մենք համայնքներ չունենք»:




























