Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսն ինքն է իրեն դատապարտել մահվան` հրաժարվելով քաղցկեղի բուժման ավանդական միջոցներից եւ օգտվելով այլընտրանքային միջոցներից: Այսպիսի կարծիք է արտահայտել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ոլորտի փորձագետ, Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ռամզի Ամրին` Quora համաժողովի ընթացքում, որին հաճախ ներկա են լինում «Սիլիկոնային արահետի» ղեկավարները, հայտնում է Yтро.Ru-ն` որպես աղբյուր մատնանշելով The Daily Mail-ը:

Պրոֆեսորի խոսքով` ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, որով տառապում էր միլիարդատերը, հազվադեպ են մահանում: «Ջոբսը դեռ երկար կապրեր: Եվ միայն ու միայն նրա կողմից ընտրված բուժման տարբերակը հանգեցրեց չարդարացված վաղաժամ մահվան»,- ասել է փորձագետը:

Բժիշկը նաեւ բողոքել է, որ  Ջոբսը չդիմեց բուժման սովորական միջոցների նույնիսկ այն ժամանակ, երբ առկա էին նրա առողջական վիճակի վատթարացման ակնհայտ նշաններ:

Իր հիվանդության մասին Ջոբսը տեղեկացել է 2003թ. եւ 9 ամիս անց, հույս ունենալով խուսափել վիրահատությունից, որոշել է փորձել այլընտրանքային բժշկությունը: Բայց հատուկ դիետաները, որոնք նրան պետք է բուժեին հիվանդությունից, արդյունք չեն տվել եւ 2004թ. հուլիսին հեռացրել են  Apple-ի հիմնադրի ստամոքսի մի մասը, տասներկումատնյա աղիքը, ենթաստամոքսային գեղձը եւ լեղապարկը:

Բժիշկ Ամրին կարծում է, որ այդ ամենը տեղի չէր ունենա, եթե Apple-ի ղեկավարը հենց սկզբից դիմեր պրոֆեսիոնալ բժշկի եւ ստանար ավանդական բուժում:

Այս տարվա օգոստոսին Սթիվ Ջոբսը հիվանդության պատճառով վերցրած երկարատեւ արձակուրդից հետո ստիպված եղավ թողնել Apple-ի ղեկավարի պաշտոնը, իսկ հոկտեմբերի 5-ին մահացավ:

«Ես 1,5 տարի նվիրել եմ Սթիվ Ջոբսի հիվանդության ուսումնասիրությանը եւ դրա վերաբերյալ հաստատուն կարծիք ունեմ: Սա ասում եմ ոչ միայն իբրեւ նրա ստեղծածի երկրպագու, այլեւ բժիշկ. նրա բուժման կուրսը հեռու էր արդյունավետ լինելուց»,- հայտարարել է պրոֆեսորը` վերջում ավելացնելով, որ ոչ ոքի չի ցանկացել վիրավորել իր մեկնաբանություններով: