2009 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 475,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը 568,8 մլրդ դրամ։ Այն ապահովել է իննամսյա ծրագրի համապատասխանաբար 89,1 և 93,5 տոկոսը։ Ինն ամսվա ընթացքում պետբյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 53,1 տոկոսով, ծախսերի՝ 63,7 տոկոսով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամեմատ՝ բյուջեի եկամուտները նվազել են 13,5 տոկոսով, կամ՝ մոտ 74 մլրդ դրամով։ Հարկերն ու տուրքերը նվազել են 18,1 տոկոսով, կամ՝ 81,7 մլրդ դրամով։

Պարտադիր սոցիալական ապահովության վճարները և այլ եկամուտներն աճել են 1,5 մլրդ դրամով (2,1 տոկոսով) և 6,6 մլրդ դրամով (32 տոկոսով)։ Ինն ամիսներին բյուջեի եկամուտների 78,1 տոկոսը ձևավորվել է հարկերից ու տուրքերից։ 15,6 տոկոսը ապահովվել է պարտադիր սոցիալական ապահովության վճարների շնորհիվ։ Ըստ ֆինանսների նախարարության՝ ինն ամիսների ընթացքում 371 մլրդ դրամի հարկեր և տուրքեր են մուտքագրվել բյուջե՝ զիջելով նախատեսված ցուցանիշը միայն 13,1 տոկոսով։ Տարեկան ծրագիրը սակայն կատարվել է 50,8 տոկոսով։ Հարկերի և տուրքիրի 47,2 տոկոսն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հավաքարման հաշվին՝ կազմել է 175,2 մլրդ դրամ։ Ցուցանիշին նախորդ տարվանից պակաս է 23,7 տոկոսով։ Ակցիզային հարկերն ապահովել են 8,3 տոկոսը՝ կազմելով 30,8 մլրդ դրամ, որից 10,2 մլրդ դրամը ստացվել է բենզինի և դիզելային վառելիքի հարկումից։

Հարկերի և տուրքերի 17,2 տոկոսը ապահովվել է շահութահարկի հաշվին։

Այս տարվա ինն ամիսներին 42,4 մլրդ դրամ եկամտահարկ է հավաքագրվել, որն ապահովել է հարկերի և տուրքերի 11,4 տոկոսը։ Նախորդ տարվա համեմատ՝ եկամտահարկի մուտքերն աճել են 9,9 տոկոսով։ 32,5 տոկոսով նվազել են մաքսատուրքերը՝ ապահովելով պետբյուջեի հարկերի և տուրքերի 4,8 տոկոսը։

Հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջեի միջոցների հաշվին 568,8 մլրդ դրամի ծախսեր է կատարվել, որից 502,6 մլրդ դրամը կազմել է ընթացիկ ծախսերը, 66,2 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները։ Ընթացիկ ծախսերը 9,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Ըստ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի, աճը հիմանականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, նպաստների և աշխատավարձերի ծախոսերի աճով։ Ընթացիկ ծախսերից շուրջ 48,2 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմանարկների աշխատողների աշխատավարձների վճարմանը։ Ծառայությունների և ապրանքների ձեռբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 104,1 մլրդ դրամ, իսկ 9,8 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը, աճը կազմել է 12,8 տոկոս։ Ընթացիկ ծախսերի 35,3 տոկոսն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին՝ կազմելով 177,5 մլրդ դրամ։ Կենսաթոշակի գծով 2009-ի ինն ամիսներում ծախսերն աճել են 14,2 տոկոսով, իսկ 23,2 տոկոսով՝ նպաստների գծով։

2009-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին բյուջեն կատարվել է 93,5 մլրդ դրամ պակասուրդով՝ նախատեսված 75,2 մլրդ դրամի փոխարեն։ Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կազմել են 211 մլրդ դրամ՝ կամ ինն ամսվա կտրվածքով 100,1 տոկոսով։

Արտաքին դոնորների կողմից Հայաստանին տրամադրվել են 242,5 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185 մլրդ դրամը տրամադրել է Ռուսաստան, իսկ 57,4 մլրդ դրամը Արժույթի միջազգային հիմնադրամը։