Երկարամյա աշխատանքի արդյունքում ամերիկացի պատմաբան-արվեստաբաններ Սթիվեն Նայֆեհը եւ Գրեգորի Ուայթ Սմիթը հանգել են այն եզրակացության, որ հոլանդացի նշանավոր նկարիչ Վինսենթ Վան Գոգն ինքնասպան չի եղել, այլ մահացել է դժբախտ  պատահարից:

Այս եզրակացության են եկել ընտանեկան արխիվում պահվող նախկինում անհայտ նամակների երկարամյա ուսումնասիրությունից հետո: Հայտնի նկարչի մահվան իրենց վարկածը նրանք շարադրել են «Վան Գոգի կյանքը» գրքում, հայտնում է Իտար ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ռադիո Նեդերլանդ Վերելոմռուպ»-ին:

Ուսումնասիրողների ենթադրությունները արմատապես տարբերվում են ֆրանսիական Օվեր-Սյուր-Ուազի քաղաքապետարանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի բոլորի կողմից ընդունված վարկածից: Այլ կենսագիրների համաձայն` հոգեկան խնդիրներ ունեցող  Վան Գոգը 1890թ. հուլիսի 29-ին նկարչական պարագաները ձեռքին դուրս է եկել զբոսանքի: Անհայտ պատճառնեով նկարիչը իբրեւ թե կրակել է իր կրծքին և 2 օր անց մահացել մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետեւանքով: Սակայն Նայֆեհն ու Սմիթը, որոնք նախկինում արժանացել են Պուլիտցերյան մրցանակի այլ գեղանկարչի` Ջեքսոն Փոլլոքի կենսագրության համար, հավաստիացնում են, որ Վան Գոգին պատահաբար կրակել են գյուղացի երկու դեռահասներ: Գրողներին համոզիչ չեն թվացել նրա մահվան նախորդ վարկածի մի քանի անհամապատասխանություններ: Մասնավորապես այն, որ մարդը, ով կրակել է ինքն իր կրծքին, կիլոմետրից ավելի տարածք է անցել` օգնություն ստանալու համար: Բացի այդ, չեն գտնվել նրա մոտ եղած մոլբերտը եւ վրձինները: