Արժույթի միջազգային հիմնադրամն ավարտել է հակաճգնաժամային ծրագրի երկրորդ դիտարկումը, որ իրականացնում է Հայաստանն իր վարկային աջակցությամբ։
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել, համաձայն որի՝ Հայաստանն ԱՄՀ-ից կարող է անհապաղ 60 մլն դոլար ստանալ՝ 822.7 մլն վարկից։ Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանը՝ որպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից առավել շատ տուժած երկիր, արդեն օգտվել է նախատեսված 400 մլն դոլար գումարից։
Ըստ ԱՄՀ-ի կանխատեսումների, 2009թ. արդյունքներով տնտեսական անկումը Հայաստանում կկազմի 15.6 տոկոս: «Սպասվում է, որ տնտեսական աճ կգրանցվի 2010թ., թեեւ ռիսկերը դեռ պահպանվում են»,- նկատել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Տակատոշի Կատոն:
Միեւնույն ժամանակ, ինչպես ասվում է ԱՄՀ պաշտոնական կայքում, Խորհուրդը նաեւ բավարարել է Երեւանի խնդրանքը՝ մի շարք ցուցանիշների վերանայման եւ վարկային միջոցների վերահատկացման վերաբերյալ, որոնք պետք է հասանելի լինեն Հայաստանի իշխանությունների համար:
ԱՄՀ-ն կոչ է արել Երեւանին՝ շարունակել բարեփոխումները հատկապես հարկային քաղաքականության եւ վարչարարության ոլորտներում, ֆինանսական հատվածում եւ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:




























