2010 թվականի պետական բյուջեն Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը NEWS.am-ի ու «ՉԻ»-ի հետ զրույցում գնահատեց որպես «կայունացման ու իրատեսական բյուջե», իսկ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի բնորոշմանը, թե դա «թույլ ու ստից» բյուջե է, արձագանքեց. «Չեմ ցանկանում այդ կարգի որակումների մեջ մտնել: Դա ոչ ընդունելի բառապաշար է»:
«Մենք բյուջեն ներկայացրել ենք մեր հնարավորությունների շրջանակներում: Անընդհատ ասում ենք, որ կառավարման համակարգը ավելի խնայողական լինի, ավելորդ ծախսեր չանենք։ Այդ իրողությունից ու նպատակից ելնելով էլ պետական կառավարման ծախսերը բավականին սահմանափակ են ու խնայողական ռեժիմով»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է պատահում, որ հատկապես կրթությունն ու պաշտպանական ծախսերն են կրճատվել, մեկը 25 տոկոսով, մյուսը` մոտ 20 տոկոսով, Տ. Դավթյանը պատասխանեց. «Կառուցվածքւը եթե նայեք, ապա նշված ոլորտներում, ինչպես նաեւ առողջապահության համակարգում առկա նվազեցումները պայմանավորված են մեկ հանգամանքով. կապիտալ բնույթի ծախսերն են կրճատվել, իսկ ընթացիկ ծախսերը, այդ թվում, նաեւ աշխատավարձների պահպանման ծախսերը պաշտպանել ենք: Այնպես որ այն ծախսերը, որոնք նվազեցվել են, մասնավորապես` պաշտպանության մասով, բացարձակապես չեն ազդում բանակի խնդիրների վրա»:
Մեր դիտարկմանը, թե նշվում է, որ բոլոր ոլորտներում են ծախսերը կրճատվել, սակայն պետական ապարատի պահպանման ծախսերը գրեթե չեն կրճատվել, ֆինանսների նախարարն ասաց. «Դրանք նույնպես կրճատվել են մոտ 5 միլիարդ դրամով»: Նա սակայն, չհստակեցրեց, թե դա որքան տոկոս է կազմում: Փոխարենը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ պետական ապարատի պահպանման ծախսերը նվազեցվել են 3 տոկոսով:
Մեր մյուս հարցին, թե հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում արդյո՞ք կառավարությունը կարողացավ հասնել նրան, որ տնտեսության կառուցվածքում փոփոխություններ լինեն, այսինքն նվազեցվի կախումը մասնավոր տրանսֆերտներից կամ ուռճացված շինարարությունից, Տ. Դավթյանը շատ կարճ պատասխան տվեց. «Կառուցվածքային փոփոխությունները մի քանի ամսվա մեջ չեն լինում, դրանք լինում են տարիների ընթացքում: Կարեւորը այդ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքների իրականացումն է»:




























