Օղու և սպիրտի նկատմամբ կկիրառվի նվազագույն գին հասկացությունը։ Մեկ լիտր ներմուծվող կամ արտադրվող սպիրտի գինը պետք է լինի 3500 դրամից ոչ պակաս, ինչի արդյունքում 0,5 լիտր տարողությամբ մեկ շիշ օղու նվազագույն գինը կլինի 700 դրամ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։ Ըստ նրա՝ այն ներմուծող կամ արտադրող ընկերությունները, որոնք օղին կվաճառեն 700 դրամից պակաս, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկի չափով։

Հարկային օրենսդրության փոփոխության արդյունքում հարկային մարմինները կհսկեն նաեւ ակցիզային հարկման ենթակա ապրանքների պահեստները։ Ա. Ալավերդյանի խոսքով՝ օղի և ծխախոտ արտադրողները իրենց առաքումները պետք է կատարեն միայն հարկային տեսուչի հսկողության ներքո։ «Հարկային մարմինը կֆիքսի, թե ապրանքն ում է մատակարարվում, արդյոք մատակարարվող ապրանքը փաստաթղթով ձեվակերպվա՞ծ է, եւ, իհարկե, կֆիքսվի ապրանքի գինը»,- նշեց նա։