«Վերջերս Սիսիանի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցածը ոչ թե սննդային թունավորում էր, այլ պարզապես ինֆեկցիոն հիվանդության դեպք»,- նոյեմբերի 3-ի մամուլի ասուլիսին հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը։ Հիշեցնենք, որ Սիսիանի մանկապարտեզներից մեկում միաժամանակ հիվանդացել էին մոտ երկու տասնյակ երեխաներ: Նախնական վարկածով՝ երեխաները թունավորվել էին տոլմայից:

Խոսելով հանրապետությունում վերջերս տեղի ունեցած սննդային մի քանի զանգվածային թունավորումների մասին՝ նա առանձնացրեց, հատկապես, Վանաձորում եւ Աշտարակում գրանցված դեպքերը եւ հայտարարեց, որ Առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում կանխվել են համաճարակների եւ սննդային թունավորումների հնարավոր դեպքերը։

Նրա խոսքով, ձեռնարկված միջոցառումների արդյունքում փակվել են արագ սննդի ավելի քան 7 օբյեկտներ, որտեղ ստուգումների արդյունքում անհայտ ծագման միս եւ այլ մթերքներ են հայտնաբերվել։ «Ինչ վերաբերում է Հնդկաստանից Հայաստան ներկրվող մսի որակին, ապա պետք է ասեմ, որ այդ երկրից ՀՀ մսամթերք այսուհետ ներմուծվելու է ընդամենը խոշոր 4 ընկերություններից»,- նշեց նա։

Հավաստիացնելով, որ մեր երկրում եւս մսի որակի համար չարժե անհանգստանալ, ոլորտի ներկայացուցիչը հայտարարեց, որ անասնապահության ոլորտում համաճարակային իրավիճակը վերահսկվում է, իսկ կենդանիների պատվաստումներն էլ ճիշտ ժամանակին են կատարվում։