Ամեն 10-րդ հասուն ամերիկացի հակադեպրեսանտներ է օգտագործում, ինչը 4 անգամ ավելի է, քան 20 տարի առաջ, վկայում են  «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» կազմակերպության կայքում տեղադրված տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հետազոտության տվյալներով` 12 տարեկանից բարձր տարիքի ամերիկացիների 11%-ը հակադեպրեսանտներ է օգտագործում: Ընդ որում` առավել բարձր հակվածություն ունեն կանայք: Այսպես, 40-59 տարեկան ամերիկուհիների գրեթե քառորդ մասը (23%)  ընկճվածության դեմ պայքարում են դեղերի միջոցով, իսկ այս թիվը 2,5 անգամ մեծ է տղամարդկանց թվից:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ բնակչության 12 տարեկանից բարձր ներկայացուցիչների մոտ 8%-ը հակադեպրեսանտներ են խմում` առանց դեպրեսիայի  որեւէ ախտանիշի առկայության: Գիտնականների անցկացրած հետազոտությունը վերաբերում է 2005-2008թթ.: Այն ցույց է տվել, որ հակադեպրեսանտները 3-րդ տեղն են զբաղեցնում այն դեղերի շարքում, որոնք այդ երկրի բժիշկները նշանակում են այցելուներին: