Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) շաբաթ օրը հայտարարել է, որ կհետաքննի Լիբանանի հարավում տեղի ունեցած միջադեպը, որի հետեւանքով սպանվել է Reuters գործակալության լրագրողը։ Պատահարի վայրում ներկա գտնված վկան գործակալությանը տեղեկացրել է, որ նա զոհվել է՝ Իսրայելի հրթիռակոծության տակ ընկնելով։
«Մենք գիտենք Reuters-ի լրագրողի հետ կապված միջադեպի մասին,- ասել է բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Ռիչարդ Հեհթը ճեպազրույցում։- Մենք զբաղվում ենք այդ հարցով։ Մենք արդեն վիզուալ էֆեկտներ ունենք։ Մենք խաչաձեւ հարցաքննություն ենք իրականացնում։ Սա ողբերգական դեպք է»։
Լիբանանն իր հերթին շաբաթ օրը հայտարարել է, որ պաշտոնական բողոք կներկայացնի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ «Իսրայելի կողմից Reuters-ի լրագրող» Իսամ Աբդալայի՝ Լիբանանի քաղաքացու միտումնավոր սպանության առնչությամբ, տեղեկացնում են պետական ԶԼՄ-ները։
Աբդալան այլ կազմակերպությունների, ներառյալ Al Jazeera-ի եւ Agence France-Presse-ի լրագրողների խմբի հետ էր, երբ սպանվել է ուրբաթ օրը, ուղիղ եթերով տեսաազդանշանի փոխանցման ժամանակ։
Խումբն աշխատում էր Ալմա աշ-Շաաբ գյուղից ոչ հեռու, Իսրայելի հետ սահմանին, որտեղ իսրայելցի զինվորականները եւ «Հեզբոլլահը» փոխհրաձգություն էին իրականացնում սահմանային բախումների ընթացքում։





























