Էթիկական խնդիրները ստվեր են նետում նախագահ Ջո Բայդենի վրա, քանի որ նա փորձելու է վերընտրվել որդու՝ Հանթերի հանդեպ հետաքննությունների եւ իմփիչմենթի ընթացակարգի ֆոնին։ Հարցումը ցույց է տվել, որ չափահաս ամերիկացիների 35 տոկոսի կարծիքով՝ նախագահն ինքը ինչ-որ անօրինական բան է արել, գրել է АР-ն։
33 տոկոսը հայտարարել է, որ, իրենց կարծիքով, ԱՄՆ նախագահը իրեն էթիկայի առումով լավ չի պահել, բայց ոչ անօրինական։ Իսկ 30 տոկոսը կարծում է, որ Ջո Բայդենը ոչ մի վատ բան չի արել։
Հարցման արդյունքները, որն իրականացրել է հասարակության հետ կապերի Associated Press-NORC հետազոտական կենտրոնը, արտացոլում են ինչպես հսկայական քաղաքական պառակտումը, այնպես էլ թերահավատությունը կառավարական ղեկավարների բարոյականության հարցում։
Ներկայացուցիչների պալատի հանրապետականները սկսել են Բայդենի իմփիչմենթի գործի հետաքննությունը՝ ձգտելով նախագահին կապել նրա 53-ամյա որդու օտարերկրյա գործնական կապերի հետ։ Հանթեր Բայդենին ներկայացվել է առանձին քրեական մեղադրանք հատուկ դատախազի կողմից, այն բանից հետո, երբ հարկերի եւ զենքի մասին գործով մեղքն ընդունելու գործարքը ձախողվել է։
Հանրապետականները հետաքննել են Հանթեր Բայդենի գործը երկար տարիներ, այն ժամանակվանից, երբ նրա հայրը փոխնախագահ էր։ Չնայած էթիկայի մասին հարցեր առաջացել են՝ կապված Բայդենների ընտանիքի միջազգային բիզնեսի հետ, բայց մինչեւ այժմ ոչ մի ապացույց չկա, որ Ջո Բայդենը իր ներկա եւ նախկին պաշտոններում չարաշահել է իր դերը կամ կաշառք է վերցրել։





























