Նորաստեղծ «Ազգային հիպոթեքային ընկերության» եւ Հայբիզնեսբանկի միջեւ հուլիսի 10-ին կնքվել է առաջին պայմանագիրը, որով ազդարարվել է այդ հիպոթեքային ընկերության գործունության սկիզբը: Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ըստ այդմ, Ազգային հիպոթեքային ընկերությունը պետք է վերաֆինանսավորի առեւտրային բանկերին, հիպոտեքային վարկեր տրամադրելիս, որը հնարավորություն կտա բանկերին զերծ մնալ արտարժութային ռիսկերից, կտրուկ իջեցնել վարկերի տոկոսադրույքը եւ դրանք տրամադրել ավելի երկարաժամկետ (10 տարի եւ ավելի): Այսինքն, ըստ Ջավադյանի, ցանկացած քաղաքացի իրեն հարմար բնակարանն գտնելուց հետո, դիմում է առեւտրային բանկին, որն էլ իր հերթին հայտ է ներկայացնում հիպոթեքային ընկերությանը, որպեսզի վերջինս վերաֆինանսավորի այդ գործընթացը: Հարցին, թե որքա՞ն կիջնի հիպոթեքային վարկերի տոկոսադրույքը, ԿԲ նախագահը հստակ պատասխան չտվեց, նշելով միայն, որ ներկայիս 16-17 տոկոսից մի քանի տոկոս կիջնի: Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արա Կիրակոսյանն էլ ընդգծեց, որ իրենց մոտ այդ տոկոսադրույքը ներկայումս կազմում է տարեկան 13-14 տոկոս: Ի դեպ, նշենք, որ Հիպոթեքային ընկերության կողմից առեւտրային բանկերին տրամադրվող վարկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9 տոկոս է:

Ա. Ջավադյանը ընդգծեց նաեւ, որ առեւտրային բանկերը կշրունակեն սեփական միջոցներից եւս հիպոթեքային վարկեր տրամադրել, սակայն այդ դեպքում բանկերն ավելի զգուշավոր են գործում եւ վարկերն էլ ժամկետային առումով ավելի կարճ են: Նրա խոսքով, այս պահին ազգային հիպոթեքային ընկերությունում առկա է 17 միլիարդ դրամ, որից 5-ը սեփական կանոնադրական կապիտալն է, իսկ 12 միլիարդը` կառավարության կողմից ֆինանսաբանկային ոլորտին տրամադրված միջոցների մի մասն է: