2006-2009թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 376 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ֆինանսական ճգնաժամի պայմաններում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5»-ի շինարարության տնօրինությունը շարունակում է 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը: Ներկայումս շարունակվում է անհրաժեշտ սարքավորումների առաքումը Հայաստան եւ դրանց տեղափոխումը «Հրազդան-5»-ի շինհրապարակ:
Հոկտեմբերի 30-ին «Հրազդան-5» է առաքվել 40 հազար կՎտ հզորությամբ տրանսֆորմատոր, որը ձեռք է բերվել Զապորոժիեի գործարանից: Գյումրիի կայարանում է գտնվում գազատուրբինային սարքավորման համար նախատեսված 200 հազար կՎտ (կիլովոլտամպեր) հզորությամբ բլոկային տրանսֆորմատորը, որը մոտ օրերս կառաքվի «Հրազդան-5»: Մաքսազերծման փուլում են գտնվում ջրատաքացուցիչ կաթսաներով բեռնված 2 կոնտեյներ, որոնք բերվել են Գերմանիայից՝ յուրաքանչյուրը 15,5 մՎտ հզորությամբ: «Alstom» ընկերության արտադրության գազային տուրբինի համար սարքավորումներով բեռնված 17 վագոն եւ 2 ավտոմոբիլային հարթակ եւս գտնվում են մաքսային ձեւակերպման փուլում:
Ժամանակացույցի համաձայն, իրականացվում են նաեւ այլ սարքավորումների առաքումները: Մասնավորապես, ամբողջությամբ ավարտվել է «Schneider» ընկերության 0,4 կՎ եւ 6 կՎ հզորությամբ բաշխիչ սարքավորումների , «ԷՄԱլյանս» ընկերության կաթսայական սարքավորումների առաքումը: Գրեթե 60 տոկոսով ավարտվել է «Siemens» ընկերության 220 կՎ հզորությամբ էլեկտրատեխնիկական բաց բաշխիչ սարքավորումների առաքումը:
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ.-ին, որի գործարկումից հետո «Հայռուսգազարդ»-ը ծրագրում է զբաղվել էլեկտրաէներգիայի արտահանմամբ:
Ի դեպ, ընկերությունից հայտնում են, որ նոյեմբերի 3-ին Երեւանում տեղի է ունեցել «Հայռուսգազարդ» ՓԲԸ վարչության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է «Հրազդան-5»-ի շինարարության աշխատանքների ընթացքը:




























