Պետական եկամուտների կոմիտեն պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմանը, իսկ հարկային ռեժիմի փոփոխություններ այս առումով չեն սպասվում։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը՝ նշելով, որ Թուրքիան տնտեսական առումով այնպիսի գործընկեր կարող է լինել, ինպիսին Վրաստանն է, և հարկման ռեժիմն էլ նույնը կլինի։
Նրա խոսքով, Հայաստանը, որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, չի կարող մեկ այլ պետության նկատմամբ հարկային այլ ռեժիմ կիրառել։ Ըստ Ա. Ալավերդյանի՝ սահմանի բացման պարագայում աշխատանք պետք է տարվի պատշաճ մաքսային հսկողություն իրականացնելու համար։ Մաքսակետերը 2 են լինելու՝ Ախուրիկում և Մարգարայում, որտեղ պետք է ենթակառուցվածքներ ստեղծվեն եւ հագեցվեն մաքսակետերի համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով։ Ըստ կոմիտեի նախագահի տեղակալի՝ պետք չէ սպասել, որ սահմանի բացումից հետո շուկան կհեղեղվի թուրքական արտադրության ապրանքներով։ «Ցանկացած շուկա սպառում է այնքան, որքան որ կա պահանջարկ»,-նշեց նա՝ կարծիք հայտնելով, որ սահմանի բացման դեպքում հայրենական արտադրողներն ավելի կշահեն, քանի որ Թուրքիայում կարող են ավելի շատ արտադրանք իրացնել։



























