Բրյուսելում ոստիկանական գործողության ընթացքում կրակել են ենթադրյալ հանցագործի վրա, որը նախօրեի երեկոյան սպանել էր Շվեդիայի երկու քաղաքացու։ Այս մասին տեղեկացրել է Բրյուսելի դատախազությունը հոկտեմբերի 17-ին։ 45-ամյա թունիսցին կասկածվում է երկու մարդու սպանության մեջ, որը կատարվել է իսլամիստական մոտիվներով, տեղեկացրել է DW-ն։

Կասկածյալը 2019թ. նոյեմբերին ապաստան էր խնդրել, տեղեկացրել է Բելգիայի արդարադատության նախարար Վինսենթ վան Քվիկենբորնը։ Նախարարի խոսքով՝ այդ մարդը ոստիկանության տեսադաշտում հայտնվել էր մարդկանց առեւտրի, երկրում անօրինական գտնվելու հետ կապված։

Հոկտեմբերի 16-ի երեկոյան Բրյուսելի կենտրոնի փողոցներից մեկում սպանվել էին ֆուտբոլի երկու շվեդ երկրպագուներ, վիրավորվել էր տաքսու վարորդը։ Նրանք եկել էին դիտելու Շվեդիա-Բելգիա ֆուտբոլի խաղը։ Պատահարի վայրում տեսախցիկները գրանցել են նաեւ «Ալլահ աքբար» ճիչեր։ Բելգիայի դաշնային դատախազության ներկայացուցիչն ավելի ուշ նշել էր, որ հարձակվողը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ջատագով։