Հայաստանում թմրամիջոցների ապօրինի իրացման ծավալների ռեկորդային աճ է արձանագրվել այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ամփոփ տեղեկության հիման վրա ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալները:
Մասնավորապես 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 3 264 դեպք, որից 3 082-ն առնչվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը (1 725-ը իրացնելու նպատակով): Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 1 282 դեպք, որից 1 234-ը բաժին է ընկնում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:
Համեմատության համար նշենք, որ 2022թ. ամբողջ տարվա ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել էր թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 2266 դեպք՝ 2021թ-ի 1544-ի դիմաց։
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը երկրում օրինականության հաստատման և իրավակարգի ամրապնդման համատեքստում անդրադարձել էր նաև Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և ուշագրավ տվյալներ ներկայացրել: ՔԿ նախագահը հայտնել է, որ 2022-2023 թվականներին Կոմիտեի ստորաբաժանումների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քննվել է 4029 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Միայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով հայտնաբերված և շրջանառությունից հանված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցել է 400 մլն ՀՀ դրամը, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության արդյունքում ստացված հնարավոր ֆինանսական միջոցների ծավալը գերազանցել է 3 մլրդ ՀՀ դրամը: Ըստ ՔԿ ղեկավարի հայտնած տվյալների՝ նշված ժամանակահատվածում բացահայտվել է սոցիալական ցանցերում գրանցված 49 խանութ-հարթակ, որոնցից միայն մեկով գործունեություն են ծավալել թմրանյութերի վաճառքով զբաղվող 65 տելեգրամյան ալիքներ: Նշված վարույթներով խանութ-հարթակներին և տելեգրամյան ալիքներին ՀՀ-ում գրանցված բաժանորդների քանակը գերազանցել է 50.000-ը: Հայտնաբերվել են 6 լաբորատոր պայմաններով կահավորված սենյակներ, որտեղ պատրաստվել և հարթակներին են մատակարարվել թմրամիջոցներ։




























