«Դա կլինի այլ տեսակի պատերազմ, որովհետեւ ՀԱՄԱՍ-ը այլ տեսակի թշնամի է»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահում Իսրայելի ռազմական կառավարության եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ։
«Իսրայելը ձգտում է նվազագույնի հասցնել զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է առավելագույնի հասցնել այդ թիվը։ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է որքան հնարավոր է շատ իսրայելցիներ սպանել եւ բոլորովին չի մտահոգվում պաղեստինցիների կյանքի մասին»,- ասել է Նեթանյահուն։
«ՀԱՄԱՍ-ը պատասխանատվություն է կրում քաղաքացիական բնակչության բոլոր զոհերի համար»,- շարունակել է նա։ «Երեկ մենք տեսանք այդ ահավոր ռազմական հանցագործության գինը, երբ հրթիռը, որն արձակել էր պաղեստինցի ահաբեկիչը, վրիպել եւ ընկել էր պաղեստինյան հիվանդանոցի վրա։ Ամբողջ աշխարհն արդարացիորեն զայրացած է, բայց զայրույթը պետք է ուղղվի ոչ թե Իսրայելի, այլ ահաբեկիչների դեմ»,- նշել է Նեթանյահուն՝ կրկնելով, որ Իսրայելը պատասխանավություն չի կրում հիվանդանոցի պայթեցման համար։
Նա հավաստիացրել է, որ Իսրայելը կշարունակի աշխատել, որպեսզի քաղաքացիական բնակչությունը չենթարկվի վտանգի, եւ կաշխատի ԱՄՆ-ի հետ։ «Հաղթանակ տանող ճանապարհը երկար եւ դժվար է լինելու»,- ասել է Նեթանյահուն։ «Բայց միանսական նպատակներով եւ արդարության խոր զգացողությամբ... Իսրայելը կհաղթի»։





























