2010 թվականին առանց փաստաթղթի ապրանք ձեռք բերող տնտեսվարողները դրա դիմաց կվճարեն 11 տոկոս եկամտահարկ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։
Ըստ նրա՝ նախկինում գործող կարգը, երբ ապրանք ձեռք բերողը տեղեկություն էր հաղորդում առանց փաստաթղթի ապրանք վաճառողի մասին և ազատվում էր հարկային պարտավորությունից, չի արդարացվել։ «7-8 ամսվա ընթացքում մենք տնտեսվարողներից նման հաղորդում գրեթե չենք ստացել։ Դա հայկական իրականությունից է բխում», -ասաց Ա. Ալավերդյանը։ Նրա խոսքով, Պետեկամուտների կոմիտեն այսպես ցանկանում է պայքարել ստվերային տնտեսության դեմ։ «Ստվերի հիմքը մեր երկրում առանց հաշիվ-ապրանքնագիր փաստաթղթի աշխատելն է։ Այժմ տնտեսվարողները կամ ապրանքի հետ փաստաթուղթ կպահանջեն, կամ ստիպված կվճարեն 11 տոկոս եկամտահարկ», -ասաց նա։ Ըստ կոմիտեի նախագահի տեղակալի՝ 2010 թ.-ի առաջին կիսամյակում մանր և միջին ձեռնարկատերերը հնարավորություն կունենան չհիմնավորված շրջանառությունները ձևակերպել օրինական դաշտում։
Հաջորդ տարի չի գործելու եկամտահարկի վճարման նվազագույն 2 տոկոս և առավելագույնը 10 տոկոս դրույքաչափը, որը, ըստ Ա. Ալավերդյանի, կառավարության կողմից տրված արտոնություն էր մանր ձեռնարկատիրությանը, ինչի արդյունքում տնտեսվարողները խնայել են մոտ 30 մլրդ դրամ։



























