Իսրայելի կառավարությունը հաստատել է կանոններ, որոնք նրան թույլ կտան արտակարգ իրավիճակների ժամանակ ժամանակավորապես փակել արտասահմանյան լրատվական ալիքներն, եթե կարծում է, որ ալիքները վնասում են ազգային անվտանգությանը, գրում է Times of Israel-ը։
Հաղորդակցության նախարար Շլոմո Կարհին նախաձեռնել է Al-Jazeera լրատվական ալիքը փակելու կանոնակարգը, որը, ըստ նրա, «վնաս է հասցնում ազգային անվտանգությանը»:
Որոշումները հետադարձ ուժ ունեն, ինչը նշանակում է, որ պատերազմի սկզբից կատարյան ցանցի հեռարձակումներն այժմ կարող են հիմք հանդիսանալ լրատվականի տեղական մասնաճյուղը փակելու որոշման համար:
Նոր կանոնների համաձայն՝ կապի նախարարը, պաշտպանության նախարարի համաձայնությամբ, կարող է պատվիրել հեռուստատեսային պրովայդերներին դադարեցնել տվյալ լրատվական գործակալության հեռարձակումը, փակել իր գրասենյակներն Իսրայելում, առգրավել նրա սարքավորումները և փակել կայքը կամ սահմանափակել մուտքը դեպի կայք՝ կախված դրա սերվերի գտնվելու վայրից:
Որոշումը պետք է հաստատվի անվտանգության կաբինետի կողմից և հիմնված է անվտանգության մարմինների իրավական եզրակացությունների վրա, որ լրատվամիջոցն իսկապես վնաս հասցնում է ազգային անվտանգությանը և ենթակա է վերանայման՝ շրջանային դատարանի կողմից:
Սույն որոշումն ուժի մեջ կլինի 30 օրով, սակայն կարող է երկարաձգվել լրացուցիչ 30 օրով։ Արտակարգ իրավիճակների կարգավորումներն ուժի մեջ կմնան երեք ամիս կամ մինչև կառավարությունը պաշտոնապես չեղարկի հատուկ արտակարգ դրությունը։





























