Այս տարվա առաջին եռամսյակում հսկիչ դրամարկղային կտրոնների դիմաց տրամադրվող բոնուսների համար սպասարկվել է 75 հազար քաղաքացի։ Այս եռամսյակում քաղաքացիների հոսքը շարունակվում է, այսօր տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։
Ըստ նրա՝ երրորդ եռամսյակի գումարները քաղաքացիները ևս ստանալու են։ Հաջորդ տարվանից ՀԴՄ կտրոնների բոնուսների տրամադրման և սպասարկման կարգը կփոխվի։ Կազմակերպչական աշխատանք է տարվում, որպեսզի հաջորդ տարվանից բոնուսները վճարվեն բանկերի սպասարկման կետերում, իսկ բոնուսի գումարը կկազմի ՀԴՄ կտրոնների գումարի 1 տոկոսը։ Ա. Ալավերդյանն անդրադարձավ նաև բոնուսային գումարների տրամադրման կետերում առաջացող հերթերին, ինչն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը։ Ըստ նրա՝ հերթերը գոյանում են բոնուսային մեծ գումարներ ստացողների պատճառով, որոնց կտրոնների ստուգման համար մեծ ժամանակ է պահանջվում։ «Բոնուսային մեծ գումարներ պահանջողների կտրոնները հիմնականում կասկածելի են լինում», -ասաց պաշտոնյան, նշելով, որ դեպքեր են պատահում, երբ մարդիկ բենզալցակայանի մի քանի հարյուր կտրոն են ներկայացնում։ «Զավեշտալին այն է, որ այդ կտրոնների ներկայացնողը պատճառաբանում էր, թե հարսանիք է նշել, և բոլոր հյուրերի մեքենաներն ինքն է լիցքավորել, բայց այդ դեպքում նրա հարսանիքը պետք է մեկ ամիս տևած լինի, որովհետև կտրոնները մեկ ամսվա կտրվածքով էին», — Ա.Ալավերդյանը՝ ավելացնելով, որ որոշ քաղաքացիների մերժվել է բոնուսային գումարներ տրամադրել։




























