Թուրքական հայտնի ռոք եւ այլընտրանքային երաժիշտ Յաշար Քուրթը տարվել է հոգեւոր ինքնությամբ եւ փորձում է բեմի վրա մեծարել իր հերոսին: 8 տարի անց նա նաեւ նոր ալբոմ 1 թողարկել`«Արեւի հոտը» (Güneş Kokusu): Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-n:
Քուրթը կնքվել է 40 տարեկանում, երբ իմացել է իր հայկական ծագման մասին: «Ես փորձում եմ բացահայտել ինքս ինձ: Ամեն մարդ պետք է ազատ կայացնի այդ որոշումը եւ ապրի այնպես, ինչպես զգում է: Պետք չէ քեզ հետ կրել քո ինքնությունը, իբրեւ թե դա ճակատագիր է: Ես երկու կողմերի համար էլ նորահայտ եմ, կողմերից ոչ մեկն էլ ինձ չի ընդունում: Նրանց շարքերին չպատկանելու զգացումը ճակատագրի նման կպչում է քեզնից: Միթե ամենակարեւորը մարդ լինելը չէ», - ասել է Քուրթը Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում:
Քուրթի խոսքով` ինքը 13 տարեկանից սկսած հարցուփորձ է արել ընտանիքի անդամներին իր ինքնության մասին, բայց պատասխան չի ստացել: Նա շատ է զայրացել, երբ ճշմարտությունն իմացել է 40-ն անց տարիքում:
«Ես ապրել եմ ` չիմանալով իմ իրական ինքնությունն այս երկրի վրա, որը աննկարագրելի ցավ է ապրում, բայց ես խաղաղություն եմ ուզում եւ երկխոսություն: Իմ նկարագրած խաղաղությունն այն է, որի դեպքում մեկը մյուսի վրա չի իշխում»,- ասել է նա` ավելացնելով, որ իր հարազատները անհանգստացած էին եւ բացասաբար ընդունեցին իրական ինքնությունը բացահայտելու իր քայլը:
Քուրթի ամենամեծ երազանքը Կոմիտաս Վարդապետի կյանքի մասին ֆիլմ ստեղծելն է, ով հայ երաժշտության զարգացման գլխավոր հենասյունն է:
«Բացի մեր ֆիզիկական նմանությունից, Կոմիտասը նաեւ նշանավոր դեմք է ամբողջ մարդկության եւ հայ-թուրքական հարաբերությունների համար»,- ասել է Քուրթը` ավելացնելով, որ Կոմիտասին տեսնողները ապշում են իր եւ նրա նմանությունից:
Կոմիտասը ազգային երաժշտաբան է, ում իսկական անունը Սողոմոն Սողոմոնյան է: Բացի հայ երաժշտության մեջ ունեցած հսկայական ավանդից, նաեւ հայտնի է թուրքական, ադրբեջանական, քրդական եւ իրանական երաժշտության բնագավառում կատարած հետազոտություններով եւ հավաքածուներով:
Կոմիտաս Վարդապետը ձերբակալվել է հայ մտավորականության մնացած 250 ներկայացուցիչների հետ միասին` 1915թ. ապրիլի 24-ի երեկոյան, որն էլ 1915թ. դեպքերի սկիզբն է համարվում: Այդ ժամանակ նա թուրքական դասական երաժշտության հայտնի ներկայացուցիչ Բաբ Համբարձումի նոտաների ապակոդավորմամբ էր զբաղված: Ականատես լինելով իր շատ ընկերների մահվանը` Կոմիտասը ցնորվել է եւ կյանքի մնացած մասն անցկացրել Փարիզի հոգեբուժարանում:



























