Այս տարվա աշնանը Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանում տեղի է ունենալու ողջ աշխարհում սփռված հայ ֆինանսիստների ու բանկիրների հավաք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` սխալմամբ, «հավաք»-ի փոխարեն օգտագործելով «հանրահավաք» բառը:

Հարցին, թե արդյո՞ք ԿԲ-ն չի պատրաստվում սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի նմանությամբ մի ծրագիր իրականացնել ֆինանսիստների համար, որը կարող է կրել «Փողերը բերեք տուն» անվանումը, Ա. Ջավադյանը պատասխանեց, որ իրենք արդեն երեք դեպք ունեն, երբ արտերկրի հայ գործարարները իրենց սեփական միջոցներից ներդրումներ կատարելով բարձրացրել են հայաստանյան բանկերի կանոնադրական կապիտալը:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ ԿԲ նախագահի դիրքորոշումն այն փաստի առնչությամբ, ըստ որի Եվրադատարանը Հայաստանի քաղաքացիների դիմումների հիման վրա կայացրել է բազմաթիվ որոշումներ, որոնցով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել այդ քաղաքացիների հանդեպ սխալ դատական վճիռների համար: Դրանք, ըստ էության, վճարվում են հայ հարկատուների գրպանից եւ ամեն դեպքի համար կազմում են մի քանի հազար եվրո, իսկ «Ա1+»-ի գործով գումարը 30 հազար եվրո էր:

Այս առնչությամբ Ա. Ջավադյանը նախ նկատեց, որ Եվրադատարանը բազմաթիվ դիմումներ մերժում է եւ ընդամենը մի քանիսն է բավարարել, ապա հավելեց, որ փոխհատուցման համար սահմանված գումարներն այդքան էլ մեծ չեն: