Այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկումների շրջանակներում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2010 թվականին իրենց ոլորտին տրվող գումարները 2009-ի համեմատ չեն պակասել: Սակայն քիչ անց պարզ դարձավ, որ այնուամենայնիվ առողջապահության ոլորտում 2010 թվականին կրճատում եղել է: Ըստ այդմ, առողջապահության ոլորտի ծախսերը 2010-ին նախատեսվել են 55 միլիարդ դրամ, որը 2009-ի բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ պակասել է 10,85 միլիարդ դրամով, իսկ 2009-ի սպասվելիք կատարողականի նկատմամբ` 1,2 միլիարդ դրամով:

Նշենք, որ բյուջետային կրճատումների տեսանկյունից առողջապահությունը երրորդ ոլորտն է: Ամենաշատը` 24,7 տոկոսով կրճատվել է կրթության ոլորտը, երկրորդ տեղում պաշտպանական համակարգն է, որտեղ կրճատումը հասնում է մոտ 20 տոկոսի եւ երրորդ տեղում առողջապահությունն է` 17 տոկոս կրճատումով:

«Մեր ծրագրերը բոլորը կկատարվեն Համաշխարհային բանկի հետ համատեղ»,- ասաց Հ. Քուշկյանն ու հավելեց, որ մինչեւ նոր տարի կբացվեն երկու բուժմիավորումներ՝ Իջեւանում եւ Հրազդանում:

Նա ընդգծեց, որ ճիշտ չեն խոսակցությունները, թե նոր տարուց պոլիկլինիկական ծառայությունները թանկանալու են: «Նման բան չկա, պոլիկլինիկական ծառայությունն ինչպես եղել է անվճար, այնպես էլ մնալու է անվճար, ծննդօգնությունը նույնպես: Ես գտնում եմ, որ ծննդօգնության ծառայությունը կայացած է եւ բավականին դրական արդյունքներ ունենք: Մենք ակնկալում էինք, որ 2009-ի ընթացքում մոտ 1500 ծննդի ավելացում կլինի, բայց կարծես ստացվում է 3000-ից ավելի»,- ասաց նախարարը: