Բրազիլիայի Սան Պաուլոյի 35-րդ Միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հոկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կիրառական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, նահանգային եւ քաղաքային կառավարության անդամներ, մտավորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Կինոփառատոնում ցուցադրվել են Փարաջանովի հեղինակած ժապավենները, ինչպես նաեւ նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր:
Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվել են հայ լուսանկարիչ, Երեւանի Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի` Հայաստանի մասին պատմող լուսանկարները:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է բրազիլական մամուլով եւ հեռուստատեսությամբ, որոնք աշխարհահռչակ կինոգործչի աշխատանքների ցուցադրումը գնահատել են որպես Սան Պաուլոյի մշակութային կյանքի հոկտեմբեր ամսվա ամենակարեւոր միջոցառումը:




























