Եթե 2009 թվականին պետական բյուջեով Առողջապահության ոլորտին տրամադրվող գումարները կազմել են ՀՆԱ-ի 1,59 տոկոսը, ապա 2010-ին այդ ցուցանիշը կլինի 1,72 տոկոս: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ հավելելով, որ 2012-ին նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 2,2 տոկոսի: Նրա ներկայացմամբ, այս ոլորտին տրվող 55 միլիարդ դրամից 76 տոկոսը տրամադրվելու է ամբուլատոր պոլիկլինիկաների ծախսերին, իսկ 24 տոկոսը` հիվանդանոցային բուժօգնությանը:
Նշենք, որ 2010-ի բյուջեի նախագծում նշվում է, որ 2009-ին հիվանդանոցներում 1 հիվանդին մեկ օրվա բուժման համար միջինացված արժեքը կազմել է 12 հազար 400 դրամ, որը հնարավորություն է տվել բուժանձնակազմի աշխատողների հաշվարկային միջին աշխատավարձը բարձրացնել 20 տոկոսով՝ հասցնելով 62 հազարի: Ընդ որում, նրանց միջինացված աշխատավարձը ընդամենը 49 հազար դրամ է:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, թե արդյո՞ք նման ցածր աշխատավարձով բուժաշխատողները կարող են գոյատեւել եւ կոռուպցիոն գործընթացների մեջ չմտնել, Պ. Սաֆարյանը պատասխանեց. «Չեմ կարող չհամաձայնել, որ աշխատավարձերը մեր ցանկալի մակարդակին չեն, բայց սա է մեր հնարավորությունը: Եթե գտնենք լրացուցիչ միջոցներ, այդ ժամանակ կմտածենք աշխատավարձերը բարձրացնելու մասին»: Սրան Ա. Մարտիրոսյանն արձագանքեց. «Թող օլիգարխների ստվերային գումարները բերեն ու այդ մարդկանց աշխատավարձերը բարձրացնեն»: Հիշեցնենք, որ այն դեպքում, երբ բուժաշխատողը ստանում է 49 հազար դրամ աշխատավարձ, միայն 2009 թվականի առաջին կիսամյակում կառավարությունը ձեռք է բերել 114 ավտոմեքենա, որոնցից 76-ը շքեղություն համարվող «Տոյոտա» մակնիշի մեքենաներ են, որոնց արժեքը մոտավորապես 40 հազար դոլար է:



























