2010 թվականի բյուջեի նախագծով սոցիալական ոլորտին հատկացվելու է 242 միլիարդ դրամ, որը 2009-ի սպասվող կատարողականից քիչ է 9 միլիարդ դրամով եւ կազմում է ՀՆԱ-ի 7,5 տոկոսը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ հավելելով, որ սոցիալական ծախսերը կառավարության համար գերակայություն են:
Նրա խոսքով, ընտանեկան նպաստներ ստացող ընտանիքների թիվը 2010-ի համար ծրագրավորված է 110 հազար, որը այսօրվա փաստացի նպաստառու ընտանիքներից ավել է 4 հազարով:
NEWS.am-ի թղթակից հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նպաստառուների քանակն ավելացել է, Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ 2009-ին այդ ընտանիքների քանակը եղել է 114, սակայն հետո ստուգումների արդյունքում այն իջեցվել է 106 հազարի եւ 2010-ի համար արդեն նախատեսել են 110 հազար նպաստառու ընտանիք:
«Ընտանեկան նպաստների միջին մակարդակը պահպանվել է 2009-ի մակարդակին, ըստ որի մեկ ընտանքին բաժին է ընկնում 23 հազար դրամ: Ծնված երեխաներին տրվող նպաստները նույնպես պահպանվում են. 3 եւ ավելի երեխա ունենալու դեպքում միանվագ հատկացվում է 430 հազար դրամ, նպաստառու ընտանիքներում ծնված երեխաների համար` սկսած առաջին երեխայից՝ 50 հազար դրամ»- ասաց փոխնախարարն ու հավելեց. «Ըստ էության, պահպանվել է նաեւ միջին կենսաթոշակի ցուցանիշը` շուրջ 23 հազար դրամ: Իսկ առանց աշխատանքային ստաժի տրամադրվող կենսաթոշակը կազմում է 8 հազար դրամ»: Թե ո՞ր տրամաբանությամբ է նախատեսվել, որ ստաժ չունեցող թոշակառուն պետք է ստանա 8 հազար դրամ, փոխնախարարը դժվարացավ պատասխանել:



























