Արագընթաց մեքենան մխրճվել է հաղթանակի տոնակատարության ժամանակ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բոակայի կողմնակիցների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել՝ առնվազն 17-ը, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ոստիկանությունը երկուշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալություն է իրականացրել, սակայն չի նշել կասկածյալի անունը, որին հետաքննություն է սպասվում, ասել է ոստիկանության գործողությունների գծով գլխավոր տեսուչի տեղակալ, գնդապետ Մելվին Սաքերը:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք միջադեպը քաղաքական դրդապատճառներ ունի։ Սակայն, դեպքը տեղի ունեցավ ժամեր անց այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները Բոակային պաշտոնապես հայտարարեցին նոյեմբերի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթող:
Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկության երկրորդ փուլում Բոակայը հաղթել է ձայների 50,64%-ով, իսկ գործող նախագահ Ջորջ Վեան՝ 49,36%-ով։
Վեան օրեր առաջ արդեն ընդունել էր իր պարտությունը՝ հիմնվելով նախնական արդյունքների հրապարակման վրա և կոչ էր արել իր կողմնակիցներին հարգել քվեարկության արդյունքները։





























