Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել հացի գործարանների ներկայացուցիչների հետ եւ քննարկել ոլորտում տիրող իրավիճակը։

Ինչպես NEWS.am –ին հայտնեցին Լեռնային Ղարաբաղի կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը խոսել է վերջերս շուրջ 20 գործարաններում անցկացված վարչական ստուգումներից, որի արդյունքում բացահայտվել են մի շարք բացասական փաստեր։ Դրանք մասնավորապես վերաբերվում են հաց թխելու սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը եւ այլն։ Արդյունքում, մի քանի արտադրամասեր տուգանվել են, իսկ 5 –ի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցվել է։

Վարչապետն ընդգծել է, որ «իրենք գործ ունեն բնակչության առողջության հետ, այդ պատճառով անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել հացի արտադրության նորմալ պայմաններ ստեղծելու համար»։ Արա Հարությունյանն ասել է, որ այս հարցում պետությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել գործարարներին, եւ իրենց գործարանների վերագործարկման համար նրանք այսօր կարող են արտոնյալ վարկեր վերցնել Արցախի ներդրումային հիմնադրամից։ Գործարաններին, որտեղ խնդիրներ են հայտնաբերվել, մի տարի ժամանակ է տրվել՝ իրավիճակը կարգի բերելու համար։