Գնային շեմի իջեցումը ոչ մի կերպ չի ազդի ռուսական նավթի արտահանման վրա, DW-ի ռուսական ծառայության հարցազրույցում ասել է Ռուսաստանի ֆինանսների նախկին փոխնախարար, ՌԴ ԿԲ նախագահի նախկին առաջին փոխնախագահ Սերգեյ Ալեքսաշենկոն։
Փորձագետի կարծիքով՝ ԵՄ պատժամիջոցների նոր՝ 12-րդ փաթեթում, մասնավորապես, պետք է ներառվեն այնպիսի տուգանային միջոցներ, ինչպիսին է Ռուսաստանից Եվրամիություն ադամանդների արտահանման սահմանափակումը, ինչպես նաեւ ռուսական նավթի արտահանման գնային շեմի մակարդակի իջեցումը (այժմ մեկ բարելը 60 դոլար է, բայց Ռուսաստանը, ըստ ԶԼՄ-ների, դրանից բարձր գնով է նավթ վաճառում)։
Նրա կարծիքով՝ ռուսական ադամանդների գնման սահմանափակումը կարող է զգացվել ՌԴ բյուջեի վրա։
Իսկ ահա գնային շեմի իջեցումը ոչ մի կերպ չի ազդի ռուսական նավթի արտահանման վրա, համոզված է Ալեքսաշենկոն։
ՌԴ կառավարությունն, ըստ նրա, նավթի գների տատանումների արտաքին ցնցումները փոխհատուցելու արդյունավետ լծակ ունի, եւ դա ռուբլու փոխարժեքն է. «Եթե նավթի գինն իջնի 10 տոկոսով, իսկ ռուբլու փոխարժեքը ընկնի 10 կամ 15 տոկոսով, ապա բյուջեն կստանա նույն ռուբլիները, ինչ եւ նախատեսված էր»։
Ակնկալիքները Արեւմուտքի պատժամիջոցների արդյունավետությունից շատ ավելին էին, քան ցույց տվեց իրականությունը, նշել է Ալեքսաշենկոն։ Բայց սկզբից կանխատեսել տուգանային միջոցները դժվար էր, քանի որ դրանցից շատերը մտցվել են այնպիսի խոշոր տնտեսության դեմ, ինչպիսին ռուսականն է, պատմության մեջ առաջին անգամ։
«Եվ, օրինակ, ԿԲ արժութային պահուստների սառեցումը շատ փորձագետներ, ինչպես նաեւ ես, գնահատել ենք որպես կործանարար (իրենց ազդեցությամբ- խմբ.)։ Բայց այնքան էլ շատ ժամանակ չանցավ, եւ պարզվեց, որ արտաքին առեւտրային սալդո ունեցող երկրին արժութային պաշարներն այնքան էլ պետք չեն, եթե ռուբլու փոխարժեքը լողացող է»,- նշել է Ալեքսաշենկոն։
ՌԴ իշխանությունները կարողացան տնտեսությունը հարմարեցնել արտաքին ցնցումներին՝ օգտագործելով «միջոցների ոչ օրթոդոքսալ միջոցներ»։ Առաջին հերթին՝ ռուբլու փոխարկելիության սահմանափակումները։ «Ռուբլին դարձավ չփոխարկվող արժույթ»։ ՌԴ իշխանություններին ձեռնտու էր, ըստ փորձագետի, նաեւ այն, որ այնպիսի խոշոր երկրներ, ինչպիսին են Հնդկաստանը եւ Չինաստանը, չմիացան արեւմտյան սահմանափակումներին։
Տնտեսագետը համոզված է, որ «ճիշտ չէր լինի ասել, որ պատժամիջոցներն ընդհանրապես որեւէ կերպ չեն ազդել» Ռուսաստանի եւ նրա տնտեսության վիճակի վրա։ ՀՆԱ ամբողջ աճը, նրա գնահատմամբ, ամրագրվում է միայն ի հաշիվ ռազմական արտադրության։ Սակայն պատժամիջոցներն ըստ էության չեն կարող քայքայել տնտեսությունը, իսկ ռուսականը՝ հատկապես, որովհետեւ Ռուսաստանը հումքի արտահանող է, ավելացրել է Սերգեյ Ալեքսաշենկոն։
«Մանավանդ պատժամիջոցները, իսկ դրանք առաջին հերթին ֆինանսական սահմանափակումներն են, չեն կարող կանգնեցնել պատերազմը։ Ոչ մի ֆինանսական սահմանափակում Պուտինի կամքի կամ գիտակցության վրա, ամենայն հավանականությամբ, ազդել չի կարող»,- նշել է փորձագետը։





























